ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիային կից Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

Ազգային ժողովը 2026թ․ մարտի 25-ին 94 կողմ, 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ 

Արձանագրությունը միտված է գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման ապահովմանը, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման համար։

Արձանագրությունն ընդունվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 29-ին Նագոյայում, ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայում այն վավերացրել է 142 պետություն, ստորագրել, սակայն դեռևս չեն վավերացրել 14 պետություն: 

«2026․ Երևանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և երկու տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի շրջանակում ընթացող գործընթացների նախագահությունը։ Արձանագրության վավերացումից հետո COP17-ի շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաև Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց, որ արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը բնական պաշարների կառավարման ոլորտում, միջազգային համագործակցության ակտիվացմանը և նոր ներդրումների ներգրավմանը», – նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է հետևյալ եզրակացությունը․ «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությանը Հայաստանի Հանրապետության միանալը կարևորվում է 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման (COP17) հյուրընկալման և համաժողովի նախագահության ստանձման լույսի ներքո: Այն կհանդիսանա լրացուցիչ դրական ուղերձ միջազգային հանրությանը բնապահպանական խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ բարձր հանձնառության և համապատասխան քայլերի ձեռնարկման պատրաստակամության առնչությամբ:

Արձանագրությանը միանալը նաև հնարավորություն կտա Հայաստանին ապահովելու համաժողովի լիարժեք նախագահությունը, քանի որ Արձանագրությանը չմիանալու պարագայում վերջինիս կողմերի հանդիպման նախագահությունը անհրաժեշտ է լինելու փոխանցել արձանագրության կողմ հանդիսացող մեկ այլ երկրի ներկայացուցչի:

Միևնույն ժամանակ, գենետիկ ռեսուրսների հասանելիության և դրանցից ստացված օգուտների արդարացի բաշխման վերաբերյալ արձանագրության դրույթների կիրառումը հնարավորություն կտա Հայաստանին տվյալ ոլորտում համագործակցություն ծավալել տարբեր երկրների և դրանցում գործող գիտահետազոտական, դեղագործական և այլ կազմակերպությունների հետ՝ նպաստելով ոլորտի վերաբերյալ ՀՀ գիտելիքների, կարողությունների և դրանց կիրառմամբ գիտահետազոտական ներուժի զարգացմանը»:

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Գենետիկական ռեսուրսներին հասանելիության և դրանց օգտագործումից բխող օգուտների արդար ու հավասար բախշման մասին Նագոյի արձանագրությունը միտված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են հետևյալ օգուտները.

1. Ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն և իրավական պաշտպանություն

Ըստ արձանագրության 6-րդ հոդվածի (Գենետիկական ռեսուրսներին հասանելիություն)՝ արձանագրությունը ճանաչում է պետությունների ինքնիշխան իրավունքը սեփական գենետիկական ռեսուրսների նկատմամբ և սահմանում է նախնական իրազեկ համաձայնության և փոխադարձ համաձայնեցված պայմանների սկզբունքները:

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը ստանում է միջազգային մակարդակով ճանաչված գործիքներ՝

–  իր կենսաբանական ռեսուրսների օգտագործումն արտասահմանյան սուբյեկտների կողմից վերահսկելու համար,

–  կենսագողության դեմ պայքարելու համար,

–  օտարերկրյա սուբյետների հետ (դեղագործական, կոսմետիկ, գյուղատնտեսական և այլ ընկերություններ) շահավետ պայմանագրեր կնքելու համար:

2. Տնտեսական օգուտներ

Արձանագրության 5-րդ հոդվածը (Օգուտների արդար և հավասար բաշխում) պարտադրում է օգտատերերին կիսվել ստացված օգուտներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ձևով (տեխնոլոգիաներ, վերապատրաստում, համատեղ հետազոտություններ և այլն): Սա թույլ է տալիս՝

– ներգրավել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում,

– ստանալ եկամուտներ տեղական գենետիկական ռեսուրսների առևտրային օգտագործումից,

– զարգացնել կենսաբանական տնտեսությունը և տեղական համայնքների ավանդական գիտելիքները:

3. Տեղական և բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն

Արձանագրության 7-րդ և 12-րդ հոդվածները վերաբերում են գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքներին հասանելիությանը և այդ գիտելիքները կրող համայնքների իրավունքների պաշտպանությանը: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝

–  իրավական ճանաչում և պաշտպանություն ապահովել այդ գիտելիքներին,

–  ապահովել դրանց ընդգրկումը որոշումների կայացման գործընթացներում,

–  ստանալ միջազգային աջակցություն և ընդգրկվել համապատասխան ծրագրերում:

4. Միջազգային հեղինակության բարձրացում և գլոբալ մեխանիզմներին մասնակցություն

Արձանագրության կողմ չհանդիսացող պետությունները չեն մասնակցում դրա շրջանակներում որոշումների քննարկման և հաստատման գործընթացին:

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը հնարավորություն է ստանում՝

– լիարժեքորեն մասնակցել գենետիկական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միջազգային կանոնների և ստանդարտների մշակմանը,

– օգտվել գլոբալ տեղեկատվական համակարգերից, այդ թվում՝ ABS Clearing-House-ից (արձանագրության 14-րդ հոդված),

– ամրապնդել իր դիրքերը որպես պատասխանատու և ակտիվ կողմ՝ բնապահպանական միջազգային քաղաքականության շրջանակում:

5. Հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն

Արձանագրությունը կապված է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և այլ դոնորների գործունեության հետ: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝

– դառնալ նպատակային հասանելիության և օգուտների բաշխման (ABS) մեխանիզմների ստեղծման համար դրամաշնորհների շահառու,

– ամրապնդել արձանագրության ինտեգրումը ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում (NBSAPs) և կլիմայական ծրագրերում:

6. Գիտատեխնիկական համագործակցության խթանում

Արձանագրության 22-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրությունը հիմք է ստեղծում տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ հետազոտությունների և գիտելիքի փոխանակման համար, ինչը կենսաբազմազանությամբ հարուստ, սակայն գիտական և տեխնիկական ռեսուրսներով սահմանափակ պետությունների համար ունի առանձնահատուկ նշանակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *