
««Իմ քայլը» հիմնադրամը նախկինում ասոցացվում էր «Իմ քայլը» դաշինքի հետ, դուք այդ դաշինքով եք եկել իշխանության։ Դուք այսօր ասոցացվում եք ՔՊ-ի հետ և Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում. հիմա որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու, որ սա, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ի համար է արվո՞ւմ, թե՞ ում համար, Քոչարյանի՞, կամ չգիտեմ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին։ «Այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը՝ ազատ ընտրության և ազատ կամարտահայտության։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել՝ անկախ նրանից՝ ով է այդ մարդը։ Սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի՝ այդ թվում կանանց, այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի, ազատ կամարտահայտման իրավունքը և դա քննարկման առարկա չէ, և ցանկացած հարց դրա վերաբերյալ Սահմանադրության, էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է»,- ի պատասխան նշեց Աննա Հակոբյանը և շարունակեց․ «Կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի և դրանցից բոլորից առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք։ Ես ունեմ իմ իրավունքը և դուք հիմա խախտում եք իմ իրավունքը»։