Կլիմայի փոփոխություն, կլիմայական քաղաքականություն և անվտանգություն․ քննարկում ԵՊՀ միջազգային գիտաժողովում

Կլիմայի փոփոխություն, կլիմայական քաղաքականություն և անվտանգություն․ քննարկում ԵՊՀ միջազգային գիտաժողովում

Երևանի պետական համալսարանում ապրիլի 15-17-ին անցկացվեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էր ԵՊՀ-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը («Գլոբալ կամպուս Կովկասի»)՝ «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և Ժան Մոնեի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» եվրոպական հետազոտությունների գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Right Livelihood» հիմնադրամի «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում։

Այս հոդվածը նվիրված է Կլիմայական դիմակայունության և անվտանգության հարցերին, որոնք քննարկվել են պանելային նիստի ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանի և Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Նինո Լապիաշվիլի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արդարադատությունը և լավ կառավարումը կայուն խաղաղության և զարգացման համար» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստյանկինան։

«Կլիմայական արդարության առանցքում մարդն է իր իրավունքներով և անվտանգությամբ։ Անվտանգությունը մարդու իրավունքների հիմնարար բաղադրիչն է»,- նշեց Ինգա Զարաֆյանը։ Ամենամեծ ռրսկերի մասին վարողի հարցին ի պատասխան Ինգա Զարաֆյանը նշեց մաքուր և անվտանգ ջրի հասանելիության խնդիրը։ Նա ընդգծեց, որ մի շարք համայնքներ բախվում են ջրի լուրջ խնդիրների, իսկ որոշ դեպքերում անգամ զրկվել են ջրից, ինչը բերում է սոցիալական լարվածության։ Ինգա Զարաֆյանի համոզմամբ՝ համայնքների հետ աշխատելու փորձը ցույց է տվել, որ բնակիչները լավ տեղեկացված են կլիմայական ռիսկերի մասին, քանի որ անմիջականորեն բախվում են խնդիրներին և վնաս կրում, սակայն տարբեր պատճառներով շարունակում են կիրառել ավանդական մոտեցումներ իրենց գործնեության և ամենօրյա կյանքում։ Կա և’ ռեսուրսների,  և’ ֆինանսների, և’ տեխնոլոգիաների պակաս։ Միևնույն ժամանակ, նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է որոշում կայացնողների համար։

«Թեև գոյություն ունեն հանրային լսումների և գնահատման մեխանիզմներ, դրանք հաճախ չեն գործում արդյունավետ, հատկապես երբ բախվում են բիզնեսի շահերին։ Անհրաժեշտ է ապահովել, որ որոշումները հիմնվեն մասնագիտական գնահատականների և համայնքների բնակչության կարծիքների վրա, այլ ոչ թե միայն քաղաքական ազդեցությունների վրա» – նշեց նա։ 

Նա նաև կարևորեց անհատական, այլ ոչ թե կոլլեկտիվ  պատասխանատվությունը որոշման ընդունման գործընթացում` ընդգծելով, որ որոշումներ ընդունող յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվություն կրի իր ստորագրության համար։

Անդրադառնալով պետական աջակցությանը՝ Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին բնական աղետների դեպքում որոշ ծրագրեր իրականացվել են, սակայն դրանք հաճախ սահմանափակ են և չեն լուծում հիմնարար խնդիրները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ոչ միայն պետական, այլև համայնքային և միջազգային համատեղ ջանքեր՝ կլիմայական ռիսկերին դիմակայելու համար։

Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանն ընդգծեց, որ տարածաշրջանը գտնվում է Կուր-Արաքսի ավազանում, որտեղ ջրային համակարգերը փոխկապակցված են մի քանի երկրների միջև․ Թուրքիայից սկիզբ առնող Կուր գետը հոսում է Վրաստանով դեպի Ադրբեջան, իսկ Արաքսը, Թուրքիայի սահմաններից անցնելով, միանում է Կուրին։  Վերին հոսքերում կառուցվող խոշոր ջրամբարները կարող են զգալիորեն նվազեցնել Արաքսի ջրային հոսքը դեպի Հայաստան, ինչն ազդեցություն կունենա նաև հարևան երկրների վրա։

«Հայաստանը միակ երկիրն է, որի ամբողջ տարածքը գտնվում է Կուր-Արաքսի ավազանում։ Թեև տարածաշրջանը ընդհանուր առմամբ ջրով հարուստ է, իրականում կա ջրի կառավարման խնդիր․ ջուրը հաճախ օգտագործվում է անարդյունավետ, ինչը հանգեցնում է կորուստների», – նշեց նա։

Խնդիրը ոչ միայն կլիմայական է, այլ նաև կառավարման ու տարածաշրջանային համակարգման բացակայության։ «Մենք պետք է սովորենք ապրել ավելի քիչ ջրով․ սա իրականությունն է», – նշեց Ալեն Ամիրխանյանը։

Շատ երկրներում անվտանգության և շրջակա միջավայրի միջև կապը դեռևս թույլ է։ «Հաճախ ազգային անվտանգությունը սահմանափակվում է միայն սահմանային կամ արտաքին հարաբերություններով, մինչդեռ իրականում այն ներառում է նաև ներքին սպառնալիքները», – նշեց Ալեն Գասպարյան Ամիրխանյանը։

Նինո Լապիաշվիլին անրադարձավ Վրաստանում վերջին տարիներին կլիմայական խնդիրներին։ Նրա խոսքով՝ այս թեման լայն հասարակական քննարկման մաս դարձավ հատկապես 2023թ․ ողբերգական սողանքի դեպքից հետո։ «2023 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Շովի լեռնային հանգստավայրում տեղի ունեցած սողանքը հանգեցրեց առնվազն 32 մարդու մահվան և մեծ վնաս հասցրեց ենթակառուցվածքներին», – ասաց նա։ Այդ դեպքից հետո կլիմայական համատեքստը դարձավ հանրային և քաղաքական քննարկումների առարկա։

Նինո Լապիաշվիլին ընդգծեց, որ փորձագետների կողմից ուսումնասիրված դեպքերը ցույց են տալիս արագ արձագանքման մեխանիզմների բացակայություն, ինչը որոշ դեպքերում կարող էր կանխել ողբերգությունները։ «Եթե արագ արձագանքման համակարգերը պատշաճ գործեին, հնարավոր կլիներ կանխել այսպիսի դեպքը», – նշեց նա՝ հավելելով, որ դրանք ուղղակիորեն կապված են կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հետ։

Նինո Լապիաշվիլին ասաց, որ կլիմայի փոփոխությունը ոչ միայն սպառնալիք է ինքնին, այլ նաև ուժեղացնում է արդեն գոյություն ունեցող խոցելիությունները։ 

Ապրիլ 27, 2026 at 15:34

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *