Թուրքիայի և Հայաստանի միջև երկու սահմանային անցակետերը (Ալիջան-Աքյաքա) կարող են բացվել մի քանի ամսվա ընթացքում. հայկական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, մինչդեռ թուրքական կողմը գտնվում է վերջնական փուլում:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ տասնամյակներ տևած թշնամանքից հետո երկու երկրները մոտ են 1993 թվականից փակված սահմանի բացմանը։
Սահմանի բացումը կլինի մեծ քաղաքական հաղթանակ Փաշինյանի համար, ով մշտապես ձգտել է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, գրում է հեղինակը:
Եթե անցակետերը բացվեն հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, դա կլինի նրա օգտին ուժեղ փաստարկ. տարիներ շարունակ նա առաջ է մղել Թուրքիայի հետ մերձեցումը և Արևմուտքի հետ ինտեգրման ուղին։
Ներկայումս երկու երկրների միջև առևտուրը շրջանցում է սահմանը Վրաստանի միջով և կազմում է տարեկան մոտավորապես 300-350 միլիոն դոլար:
Թուրք-հայաստանյան գործարար խորհրդի ղեկավար Քաան Սոյակը վստահ է, որ ուղիղ հաղորդակցությունը կբարձրացնի առևտրաշրջանառությունը մինչև 1 միլիարդ դոլար։
Թուրքիայի արևելյան նահանգները, որոնք երկրի ամենաաղքատներից են, մեծ հույսեր են կապում սահմանի բացման հետ. տեղական բիզնեսները հույս ունեն առևտրի և զբոսաշրջության աճի վրա, այդ թվում՝ հայկական սփյուռքից:
Լրացուցիչ խթան է «Թրամփի միջանցքը»՝ ճանապարհային և երկաթուղային երթուղի Հայաստանի միջով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ապա՝ Թուրքիայի հետ։
Այնուամենայնիվ, Իրանի հետ պատերազմը հետաձգել է գործընթացը. միգրացիայի նոր ալիքի վախը դանդաղեցրել է սահմանի բացման շուրջ բանակցությունները։