Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գեւորգ Ղազարյանը առաջիկա ընտրություններից առաջ շարունակում է հանդիպումների շարքը։
«Այսօր Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպեցինք Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, ով 2016-2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։
Թբիլիսիի «Դինամոն» հաջողված օրինակ է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, արդյունավետ ակադեմիական համակարգի և երիտասարդ ֆուտբոլիստներին միջազգային ֆուտբոլային հարթակ դուրս բերելու գործում։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք վրացական ֆուտբոլի զարգացման հաջողված փորձի, անցած ճանապարհի և այդ փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունների շուրջ։
Զազա Դոլիձեն մեր թիմին հրավիրեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու վրացական ֆուտբոլի զարգացման մոդելին և դրա գործնական մեխանիզմներին։
Վստահ եմ, որ միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը, մասնագիտական համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը կարևոր նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման գործում։
Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ»,- գրել է Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում։
ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։