Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գեւորգ Ղազարյանը առաջիկա ընտրություններից առաջ շարունակում է հանդիպումների շարքը։

«Այսօր Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպեցինք Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, ով 2016-2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։

Թբիլիսիի «Դինամոն» հաջողված օրինակ է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, արդյունավետ ակադեմիական համակարգի և երիտասարդ ֆուտբոլիստներին միջազգային ֆուտբոլային հարթակ դուրս բերելու գործում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք վրացական ֆուտբոլի զարգացման հաջողված փորձի, անցած ճանապարհի և այդ փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունների շուրջ։

Զազա Դոլիձեն մեր թիմին հրավիրեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու վրացական ֆուտբոլի զարգացման մոդելին և դրա գործնական մեխանիզմներին։

Վստահ եմ, որ միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը, մասնագիտական համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը կարևոր նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման գործում։

Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ»,- գրել է Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *