Տարօրինակ սեր է տածում իշխանությունը կրթահամալիրների կառուցման նկատմամբ, դա պետք է ունենա իր գաղտնիքը, որը կարծես թե այնքան էլ երկար չի մնալու գաղտնիք։
Լրատվամիջոցը, չունենալով քննչական, դատախազական և նմանատիպ ֆունկցիաներ, հասցեատիրոջը կներկայացնի առկա տեղեկությունը` բաղկացած 3 տարբեր թվերից. ՀՏԶՀ֊ԴԲՄ֊ԱՇՁԲ֊2024/53 ծածկագրով տեղի է ունեցել պետական գնման մրցույթ` նախատեսված Գեղարքունիքի մարզի Մադինայի բնակավայրի կրթահամալիրի կառուցման համար։
Պատվիրատուն նախ սահմանել է նախահաշվային գին` 998.583.554 դրամ։ Այնուհետ հաղթող մասնակիցը առաջարկել է 898.725.195 դրամ։ Կնքվել է պայմանագիր։
Բայց պատմությունը սրանով չի ավարտվել։ Այսօր՝ պայմանագրի մի շարք փոփոխություններից հետո, կրթահամալիրի կառուցման գինը դարձել է 1.847.108.400 դրամ։
Oragir.News-ը վերջերս անդրադարձել էր Գնումների մասին օրենքի ընձեռած այս հնարավորությանը, ըստ որի՝ կարող է տեղի ունենալ մրցույթ, ֆիքսվել հաղթողի գին, սակայն հետագայում այդ գինը, արդեն աչքից հեռու, փոխվել։