Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի Սահմանադրության նախագծի օգտին։ Նա այդ մասին ասել է օրինակ Հանրայինի եթերում։

Մինչ այդ էլ, իշխանության բացահայտ կամ լատենտ աջակիցները հետեւողականորեն սկսել են տարածել, որ Փաշինյանն ունի ընդդիմության այն 6–7 ձայնը, որ պետք է հանրաքվեի համար։

Ակնառու է իհարկե հոգեբանական գրոհը, որ քարոզչական այդ տեխնոլոգիայով իրականացնում է իշխանությունը։ Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել է, որ, եթե Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի նախագծի օգտին, ապա կարո՞ղ է հանձնառություն ստանձնել, որ հրաժարական կտա՝ եթե ընդդիմությունը չքվեարկի։

Տրամաբանական արձագանք է, որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը քվեարկելու է իր ուզած ձեւով, ապա վստահ կարող է հայտարարել՝ եթե չքվեարկի, կտամ հրաժարական։

Սա իմիջայլոց։ Բուն իմաստով սակայն, խաղն իհարկե այդքան պարզ կամ պարզունակ չէ։ Փաշինյանը փաստորեն մղվում է անկյուն։ Դա նկատելի է։ Դրա վկայությունն է նաեւ հարցազրույցը Հանրայինին։ Այստեղ հարց կարող է առաջանալ՝ ընդդիմությունը նրան պե՞տք է տա անկյունից դուրս գալու հնարավորություն, թե՞ ոչ։ Ընդ որում, տալ անկյունից դուրս գալու հնարավորություն, բայց միեւնույն ժամանակ՝ չտալով կանաչ լույս Ադրբեջանի պահանջով փոխվող Սահմանադրությանը։

Այո, սա իրավիճակ է, երբ ընդդիմությունը կանգնում է այսպիսի պատասխանատու որոշումների առաջ, որովհետեւ, պատասխանատվությունը բնականաբար աճում է, երբ աճում է դերն ու նախաձեռնողականությունն անցնում է ընդդիմությանը։ Իսկ դա տեղի է ունեցել նկատելիորեն, ու հիմա զարմանալի չէ, որ ընդդիմադիր ուժերի համար կան նաեւ այդպիսի մարտահրավերներ՝ «կառավարել» Նիկոլ Փաշինյանի «անկյունը»»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *