Մյանմարում հարսանիքի և շուկայի վրա ավիահարվածների զոհերի թիվը հասել է մոտ 50-ի

Մյանմարում հանգստյան օրերին զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է մոտ 50-ի, կիրակի օրը AFP գործակալությանը հայտնել են ականատեսներն ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ճշտելով հարսանեկան արարողության անցկացման վայրի և շուկայի վրա հարձակումների հետևանքները։

Երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մո Բյե շրջանում շաբաթ օրը հարսանիքի անցկացման վայրին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնել է տեղական մարդասիրական կազմակերպության ղեկավարը։ Մեկ այլ ականատես զոհերի ավելի փոքր թիվ է նշել՝ 17 մարդ։

Եվս 29 մարդ է զոհվել Ռաքհայն նահանգի Մրաուկ Ու քաղաքում։ Հուղարկավորություններ կազմակերպող կառույցի ղեկավար Հլա Մաունգ Ուի տվյալներով, շաբաթ օրը ցերեկը շուկային հասցված հարվածի զոհ է դարձել տասը մարդ, իսկ երեկոյան նույն շրջանում զոհվել է ևս 19 մարդ։ Նա զինվորականներին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա միտումնավոր հարձակման մեջ։ Զինվորականներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Ռմբակոծությունների հետևանքով Մրաուկ Ուում ավերվել են փայտե և աղյուսե շինություններ, ամենուր այրված բեկորներ էին ընկած։ Հարազատները սգում էին զոհերին, որոնց մարմինները ծածկված էին սպիտակ սավաններով ու կանաչ բրեզենտներով։

25-ամյա Քյավթ Այ Սեյնը պատմել է, որ հարվածներից մեկի ժամանակ զոհվել է իր ամուսինը։ Կինը որդու հետ փախել էր տնից՝ փրկվելով ռմբակոծությունից։ Նրա վկայությամբ, ռումբերից մեկը դիպել է մի տան, որտեղ վեց հոգուց բաղկացած ընտանիք էր գտնվում, և բոլորը տեղում զոհվել են։ Կինն ու երեխան գիշերն անցկացրել են բաց դաշտում՝ շրջանի մյուս բնակիչների հետ։

Այս հարձակումներին նախորդել էր հինգշաբթի օրը Մագուե շրջանում դպրոցի և վանքի վրա հասցված հարվածը։ Վտարանդիության մեջ գործող՝ Մյանմարի ինքնահռչակ Ազգային միասնության կառավարության տվյալներով, այն ժամանակ զոհվել էին 20 խաղաղ բնակիչ և հակապատերազմական Ժողովրդական պաշտպանության ուժերի ինը անդամ։

Մյանմարում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, որի հետևանքով տապալվեց Աուն Սան Սու Չժիի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը։ ACLED մշտադիտարկող կազմակերպության գնահատմամբ, այդ ժամանակից ի վեր հակամարտությունը խլել է ավելի քան 100 հազար կյանք։ Նոր ավիահարվածները տեղի են ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր ճանաչեց 2017 թվականին Ռաքհայն նահանգում ռազմական գործողության ընթացքում ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *