Սկանդալով պաշտոնանկ արված, Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի դեմ զրպարտության հայց է ներկայացվել

Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի դեմ զրպարտության հայցը Կենտուկի նահանգի դատարանից կփոխանցվի դաշնային դատարան, հայտնում է Daily Mail-ը։

Հայցը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից, նախկին փաստաբան և Կենտուկիի նահանգապետի նախկին թեկնածու Էրիկ Դեթերսը՝ Գիլֆոյլին մեղադրելով զրպարտության, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ։

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 15-ին՝ Սպիտակ տան խնդրանքով Գիլֆոյլի՝ դեսպանի պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ անց։ Չորեքշաբթի ներկայացվել են գործը Կենտուկիի արևելյան շրջանի դաշնային դատարան փոխանցելու փաստաթղթերը, հայտնել է Lexington Herald-Leader թերթը։

Դատական վեճի առիթ է դարձել Wall Street Journal-ի հրապարակումը, որում բացահայտվել են Գիլֆոյլի և Դեթերսի միջև փոխանակված տեքստային հաղորդագրությունները։ Պարբերականի տվյալներով, նախկին դեսպանը խնդրել է նրան 100 հազար դոլար տրամադրել՝ American Express վարկային քարտի պարտքը մարելու համար։ Ի պատասխան՝ Գիլֆոյլը պնդել է, որ Դեթերսն իրեն 150 հազար դոլար է պարտք՝ մինչև դեսպան նշանակվելը ունեցած ելույթների և մատուցած այլ ծառայությունների դիմաց։ Նա նաև հրապարակված հաղորդագրությունները կեղծ է անվանել, իսկ Դեթերսին՝ «հայտնի շանտաժիստ»։

Դեթերսը հերքում է այդ մեղադրանքները։ Հայցում նա հայտարարել է, որ հաղորդագրություններն իսկական են, իսկ ինքը երբեք չի մեղադրվել շանտաժի մեջ և դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ Նա նշել է, որ Գիլֆոյլի հայտարարություններն արվել են չարամտորեն, առաջացրել են հանրային պարսավանք և լուրջ վնաս հասցրել իր հեղինակությանը։ Նա փոխհատուցում է պահանջում, այդ թվում՝ բարոյական վնասի և նվաստացման համար։

Բացի այդ, Դեթերսը պնդում է, որ Գիլֆոյլը խախտել է պայմանավորվածությունը՝ հրաժարվելով օգնել իրեն կապ հաստատել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ այն իրավական գործի առնչությամբ, որի վրա ինքն աշխատում էր։ Հայցով որպես պատասխանողներ նշված են նաև նախկին դեսպանի փաստաբաններ Ջեսի Բինալն ու Դևիդ Շվարցը։

Daily Mail-ի տվյալներով, մի քանի տարվա ընթացքում Դեթերսը Գիլֆոյլին մոտ 300 հազար դոլար է վճարել իր կազմակերպած Freedom Fest միջոցառումներին մասնակցելու համար, որոնց նա երբեմն մասնակցել է իր նախկին փեսացու Դոնալդ Թրամփ կրտսերի հետ։ Գիլֆոյլի փաստաբանները դեռ չեն մեկնաբանել հայցը։

Գիլֆոյլը դիվանագիտական պաշտոնը լքել է հոկտեմբերին՝ մի շարք սկանդալների ֆոնին։ X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ նա մեղադրանքները կեղծ է անվանել և խոստացել պաշտպանել իր հեղինակությունը։ Ավելի վաղ, ինչպես հայտնել էր Daily Mail-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել էր քննել Աթենքում դեսպանատան ղեկավարման նրա ոճի, մասնավոր ինքնաթիռների և ուղղաթիռների օգտագործման, հնարավոր անթույլատրելի նվերների ընդունման և այլ հանգամանքների վերաբերյալ բողոքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *