
Եգիպտացի հնագետները Նեղոսի դելտայում՝ Թելլ Կոմ Աբու Բիլլո հնագույն դամբարանադաշտի տարածքում, հարյուրավոր քարե սարկոֆագներ և բազմաթիվ թաղման իրեր են հայտնաբերել։
Գտածոների մեծ մասը վերաբերում է Պտղոմեոսյան ժամանակաշրջանին՝ ավելի քան 2200 տարի առաջ։ Պեղումների արդյունքների մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
Տարածքի վերին շերտում հետազոտողները հայտնաբերել են քարե և տերակոտե սարկոֆագներ, փայտե դագաղների բեկորներ, ինչպես նաև կամարաձև առաստաղներով աղյուսաշեն դամբարաններ։ Այս մասին հայտնում է Noi.md-ը՝ հղում կատարելով Snob-ին։ Որոշ տերակոտե սարկոֆագներ պատրաստված են մարդու մարմնի տեսքով։
Ամենահետաքրքիր գտածոներից են Իսիդա-Աֆրոդիտե աստվածուհու երեք տերակոտե արձանիկները, որոնք համատեղում են եգիպտական Իսիդա աստվածուհու և հունական սիրո աստվածուհի Աֆրոդիտեի կերպարները։ Դամբարաններում հայտնաբերվել են նաև ոսկյա զարդեր։ Մյուս գտածոների թվում են ուշեբտի արձանիկները, որոնք հին եգիպտական հավատալիքներում համարվում էին հանգուցյալին հանդերձյալ կյանքում ծառայող արձանիկներ։