
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններում Մոսկվայի թեկնածուն Փաշինյանն ա կամ նախընտրական բեմադրություն Մոսկվայում.
Զարմանալի ա, թե ինչ հեշտությամբ ա հանրությունը կուլ տալիս խայծը, երբ նրան մատուցում են աշխարհաքաղաքական աբսուրդի հերթական դոզան։ Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումը մեդիադաշտում կոլեկտիվ պսիխոզի տրամագծորեն հակադիր նոպաներ առաջացրեց։ Ամսաթիվը, թերևս, նուրբ ակնարկով էր ընտրված, բայց մեր (և ոչ միայն մեր) վերլուծաբանները հումորը չհասկացան՝ սովորական «ապրիլմեկյան կատակը» վերածելով ինքնիշխանության համար մղվող «տիտանների» պայքարի։ Հատկապես հուզիչ էին արևմտյան մեդիահսկաները, որոնք ամենայն լրջությամբ նկարագրում էին, թե ոնց ա երևանյան «Հերակլեսը» հերոսաբար մարտնչում «կրեմլյան հիդրայի» հետ։
Անկեղծ ասած, հանդիպմանը չէի հետևել, բայց երբ բավական լուրջ լրատվամիջոցներ հանկարծ պրագմատիզմի իրենց դիրքերը լքեցին ու տրվեցին «բռնապետին տրված համարձակ պատասխանի» մասին ֆանտազիաներին, հետաքրքրեց։ Հարցն էն ա, որ իմ պատկերացրած աշխարհում գոնե մի նվազ քաղաքական պատճառ չկա, թե ինչի պետք ա Պուտինի աջակցությունը Փաշինյանին նվազեր և անհրաժեշտություն առաջանար Հայաստանի հասցեին ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել։ Հանդիպման տեսանյութը նայեցի, հետո իմ ձեռքով այն սղագրեցի ու մի քանի անգամ կարդացի՝ փորձելով գոնե տողատակերում մի բան գտնել։ Իրականության ու վերնագրերի մեջ Հայաստանի պետական պարտքի չափ անդունդ ա։ Եկեք վերլուծենք։
1. Խոսքի սկզբում Պուտինն խնդրեց, որ նախընտրական շրջանում, երբ հակասությունները սրվում են, պոլեմիկան՝ թեժանում, դրանք չազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա, որոնք դաշնակցային են՝ հենված որոշակի «ընդհանուր պատմության և քաղաքակրթական ընդհանրությունների» վրա։
Էությունը․ Ոչ մի արտառոց բան։ Փաշինյանը վերջին տարիներին մեր բոլոր դժբախտությունների մեջ՝ հողերի կորստից մինչև սեփական ատամի կարիեսը, ակնարկներով մեղադրում ա ռուսներին։ Վերջերս էլ եվրոպացիներից փող էր խնդրում, որ ռուսների ստեղծած «հիբրիդային սպառնալիքները» չեզոքացնի։ Պուտինը, որպես պատերազմից հետո նրա հավատարիմ PR մենեջեր, հայրաբար խնդրեց ուրիշ հերոսի անուն էլ հիշել ու անտեղի է՛լ ավելի չխթանել հակառուսական տրամադրությունները։
2. Հաջորդ հարցը ԵՄ-ԵԱՏՄ գեոպոլիտիկ շպագատի խնդիրն էր։
Էությունը․ Պուտինը քաղաքական էդ ակրոբատիկան վաղուց ա ճանաչում։ Ով՝ ով, բայց նա լավ գիտի, որ Հայաստանը Եվրամիության անդամության մոտ էլ չի լինի ո՛չ իր նախագահության, և ո՛չ էլ, հավանաբար, իր կենդանության օրոք։ Ներկայացման էս արարը նրա համար էր, որպեսզի Փաշինյանը տուն վերադառնա «դեպի Արևմուտք նայելու իրավունքը պաշտպանած» մարդու լուսապսակով։ Սա նույնպես որոշակի էլեկտորալ շերտի նուրբ ականջների համար էր։
3. Հաջորդ ուշագրավ հատվածը գազի գնի հետ կապված (չեղած) «շանտաժն» էր։
Էությունը․ Չեք հավատա, բայց սա առաջին անգամը չի, որ գազի գնի հարցը բարձրացվում ա Փաշինյան-Պուտին հանդիպումների ընթացքում։ Հայաստանն էդ հարցում դեռևս անհաջող լոբբինգ ա անում գնագոյացման ավելի «դաշնակցային» մեխանիզմներ, որոնք դեռ դրական արձագանք չեն գտնում ԵԱՏՄ ներսում։ Պուտինն էլ նշեց, որ դա մշտական վեճի առարկա ա։ Սա էլ ուղիղ կապ չունի ընտրությունների ու դրա արդյունքների հետ կապված «սպառնալիքի» հետ։ Ընդհանրապես, եթե Կրեմլի կայքում ուսումնասիրում ես Նիկոլի հետ հանդիպումների հաճախականությունը… Չգիտեմ՝ որևէ այլ երկրի լիդերի հետ էդքան հաճախ հանդիպումներ լինում ե՞ն, թե չէ։ Դժվար թե լինեն։ Յաման «արևմուտք գնացողն ա», որ 1-2 ամիսը մեկ ստաբիլ կամ խոսում ա կամ հանդիպում։
4. Հաջորդը ՀԱՊԿ-ի ու Արցախի թեմայով ֆարսն էր։
Էությունը․ Սա էս ամբողջ անհաջող բեմադրված պիեսի ամենանողկալի հատվածն ա։ Ոնց որ հավաքված լինեին «երկկողմանի ամենզիայի» սեանսի։ Պուտինը ձևացնում ա, թե չգիտի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել ա ո՛չ թե Արցախի հետ կապված իրադարձությունների ժամանակ, այլ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքիշխան տարածքի վրա հարձակման դեպքում։ Փաշինյանն էլ դա իբր չի նկատում ու Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս իր ճանաչելը փորձում ա որպես Մոսկվային հայելային պատասխան ներկայացնել։ Երկուսն էլ ստում են ու երկուսն էլ գիտեն էդ մասին։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Արցախը որպես Ադրբեջանից անկախ միավոր պաշտոնապես երբեք չեն ճանաչել։ Հայաստանն առաջինն էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին էդ հարցը փակել ա՝ կիլոմետր քառակուսիներով նշելով Ադրբեջանի տարածքը։ Նրան անմիջապես, մեծ սիրով միացել ա Ռուսաստանը, որն, իր հերթին, իր շահերից ելնելով ստեղծել ա էն պայմանները, որում դա հնարավոր կդառնար։ Սա, թերևս, էն քննադատական մտածողությունից զուրկ, անպաշտպան ուղեղների համար ա, որոնք վերնագրերից էն կողմ չեն կարդում ու հետաքրքրվում, այսինքն՝ Նիկոլի հիմնական էլեկտորատի։
5. Մեծ նվերն էր Փաշինյանին՝ բանտերում «Ռուսաստանի բարեկամների» հիշատակումը։
Էությունը․ Պուտինը փաստացի ընդդիմությանը դրոշմեց որպես իր գործակալների ու դրանով հաստատեց Նիկոլի ու ՔՊ-ի բոլոր քարոզչական պատումները: Դրանով նա նաև արդարացրեց «հիբրիդային սպառնալիքների» դեմ Եվրոպայից ստացած գրանտը։ Էսօրվա Հայաստանում Պուտինի կողմից նման դրոշմը քաղաքական սպանության պես մի բան ա։ Իր բարձրացրած հարցի մեջ Պուտինը նաև տվեց Փաշինյանի ամենառացիոնալ պատասխանը։ Նա հատուկ նշեց․ «…Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր»։ Փաշինյանին մնում էր ընդամենը իր հերթին փաստել, որ ռուսական անձնագրով Հայաստանի ղեկավար կամ ԱԺ պատգամավոր չի լինում։ Finita la commedia:
Հետագայում Օվերչուկը մի քիչ մատ թափ տվեց, էս «դիվանագիտական» լեզվից «սպառնալիքների» լեզու թարգմանեց տեղի ունեցածը, որ ավելի հասկանալի լինի միջին վիճակագրական հայ ընտրողին։ Օվերչո՛ւկը, որն իր անձնական վարսավիրին ավելի ուշ-ուշ ա հաճախում, քան Երևան, որտեղ նրան ամենատարբեր մակարդակներում հավերժ հավատարմության երդումներ են տալիս։
Ու ընդհանրապես, ինչ աստիճանի պետք ա իրականությունից կտրված լինես, որպեսզի հավատաս՝ Ալիևից Արցախ անունը հիշատակելու համար դողացող մեկը կարող ա ընդունակ լինել գնալ ու «սաստել» Պուտինին։ Ու հաջորդ օրը կանգնի ու ԱԺ ամբիոնից հայտարարի, թե հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները կասկածի տակ դնողները չարամիտ «օտարերկրա գործակալներ են»։ Ա, լավ էլի, ժողովուրդ ։)
Իսկ ինչի՞ էր դա պետք Պուտինին։ Հիշեք հունգարական վերջին ընտրությունները։ Ռուսաստանն էդ ընտրություններում իր թեկնածուին՝ Օրբանին, ընտրությունների նախաշեմին առաջարկել էր անհաջող մահափորձ բեմադրել վարկանիշը բարձրացնելու համար։ Օրբանը հրաժարվել էր։ Հիմա էս մի փոքրիկ բեմադրությունն ի՞նչ ա որ իրենց թեկնածուի համար չկազմակերպի Կրեմլը։ Մեզ հերթական անգամ հրավիրել էին թատրոն, իսկ մենք սխալմամբ դա որպես կարևոր լուրերի թողարկում էինք ընկալել։
Մի խոսքով, Հայաստանի ԱԺ ընտրություններում Ռուսաստանի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն ա, ոչ այլ ոք։ Ապրիլի 1-ին Պուտինը փուռը տվեց Քոչարյանին ու Կարապետյանին, իսկ Նիկոլի համար ամենալավ նախընտրական հոլովակը նկարեց։ Ռուսաստանին պետք չեն նոր հերոսներ, նրան պետք ա հենց սա՝ կանխատեսելի, կառավարելի և ՌԴ դեմ պայքարը համոզիչ ձևով կեղծել իմացող։ Չկա ռուսական քչից-շատից կարևոր ռուսական օրակարգ, որ Նիկոլ Փաշինյանը իրագործած/իրագործելիս չլինի կամ ապագայում հրաժարվի իրագործել։ Մնացածը դեկորացիաներ են։ Կարևորը՝ եթե մենք չօգնենք մեզ հիմարի տեղ դնել, ուրիշներին դա շատ դժվար կհաջողվի»: