Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի․-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ․-ն, 5-ամյա Ռոաբինես Ի․-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ․-ն շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։