Ուկրաինայի արտգործնախարարությունն այսօր` ապրիլի 28-ի առավոտյան, Իսրայելի դեսպանին կանչել է բողոք հայտնելու, X սոցիալական ցանցում գրել է նախարար Անդրեյ Սիբիհան։ Կիեւը բողոքում է իր գրավյալ տարածքներից հացահատիկով բեռնված արդեն երկրորդ նավի Հայֆայի նավահանգիստ ժամանելու դեմ։
Ուկրաինան «գողացված» է անվանում հացահատիկը, որով բեռնված հունական Panormitis նավը Պանամայի դրոշի ներքո ուղեւորվում է Հայֆա, ավելի վաղ հայտնել էր Axios- ը։
Մինչ այդ՝ ապրիլի կեսերին գրավյալ տարածքներից հացահատիկով բեռնված «Աբինսկ» նավն էր հասել Հայֆա։ Այն ժամանակ Կիեւը նույնպես բողոք էր հայտնել, բայց իսրայելական իշխանությունները դրան չէին արձագանքել։
«Դժվար է հասկանալ Իսրայելի կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը նախորդ նավի հետ կապված Ուկրաինայի օրինական բողոքին, որը Հայֆա էր հասցրել գողացված բեռ»,- գրել է ուկրաինացի նախարարը։