
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
«Առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Մենք մեր դրոշի վրա երեք գույն ունենք՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։ Եվ մենք որոշել ենք, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայնորեն ամենաշատ տարածված երանգներից է։ Սկզբունքորեն կարմիրն ու կապույտն ամենատարածվածներն են, տվյալ դեպքում մենք նաև փոփոխությունն ավելի տեսանելի դարձնելու համար որոշեցինք փոխել գույնը»,- քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։