Ինչու են փոխում անձնագիրն, ու ինչ է հուշում «Ֆ» տառը

Անձնագիրը կրկին կարմրելու է, լցվելու խորհրդանշական բազմաթիվ պատկերներով ու տառերով։ Նիկոլ Փաշինյանն ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ապրիլի 28-ին հրապարակավ ներկայացրել են կենսաչափական նոր անձնագրի օրինակը։ Նոր անձնագիրը նախատեսում են ներդնել 2026-ի աշնանից, այսինքն՝ մի քանի ամսից։

Ինչո՞ւ են փոխում ՀՀ քաղաքացու անձնագիրը, որը քաղաքացիություն է ստացել, ճանաչվել, սիրվել։

Նախարարի հետ զրույցում Փաշինյանն ուշադրություն է հրավիրում անձնագրի էջերից մեկի ուրվագծում հայերեն տառերի մեծ ու փոքր պատկերների վրա։ Նա ընդգծում է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված, և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված։ «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»,- ասել է Փաշինյանը:

Նախ սա խտրական վերաբերմունք է տառերի նկատմամբ։ Վիրավորական է նման դիլետանտությունը։ Մյուս կողմից՝ ծիծաղելի է, որ վարչապետը անձնագրի նոր տարբերակը ներկայացնելիս դպրոցական առաջին դասարանի մակարդակի զրույց էր վարում։ Սա կարող է զավեշտի վերածվել, քանի որ, օրինակ՝ «Ա» տառով սկսվում են ոչ միայն մեզ համար կարևոր ազատություն և անկախություն բառերը։ Այլ բառեր էլ կան «Ա»-ով սկսվող, որոնք կարող են ասոցիացվել ՔՊ-ական իշխանությունների հետ։

Ոմանք կարող են «Ա» տառն ու Փաշինյանին միմյանց կողքին դնել ու տեսնել ապաշնորհ ղեկավարի, անպատասխանատու մեկին։ «Դ» տառը շատերի մոտ կարող է դավաճանի ասոցիացիա առաջացնել։ «Հ»-ն հողատուին կարող է հիշեցնել։ «Զ»-ն կարող է հիշեցնել հազարավոր զոհերին, որոնք տվեցինք վերջին պատերազներում։ «Ս»-ին նայելիս մարդիկ կարող են հիշել ՀՀ սահմանը, ՀՀ սահմանի որոշ հատվածներում կանգնած ռուսներին, որոնք մտադիր էլ չեն դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից, և նրանց ոչ ոք չի առաջարկում «Ս» լինել Հայաստանից։

«Պ» տառը կարող է հիշեցնել պատերազմում ամոթալի պարտությունը, «Ն»-ն՝ նոյեմբերի 9-ի խայտառակությունը, «Կ»-ն կապիտուլյացիան, «Ի»-ն 10 տոկոսով կրակված իսկանդերը, «Մ»-ն մետրոյում երիտասարդ կնոջ ու նրա տղայի վրա մատ թափ տալը և այլն, և այսպես շարունակ։

Ի վերջո՝ «Ֆ»-ն մեր այբուբենի վերջին տառը աշխարհին կարող է հիշեցնել, որ Փաշինյանը եղել է ֆորպոստի վարչապետ։ Այս մասին նա հրապարակավ խոստովանել է 2025-ի հունիսի 19-ին։ Ազգային խայտառակության մասին վկայող «Ֆ»-ն տեսնելիս քաղաքացին գուցե մի պահ մտածի, թե ի՞նչ կարգի ապապետական մտածողություն պետք է ունենա մարդը, որ 4,5 տարի ֆորպոստի վարչապետ լինի։

Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու են փոփոխում ՀՀ կենսաչափական անձնագրի տեսքը, ինչո՞ւ են խտրական վերաբերմունք դրսևորում այբուբենի տառերի նկատմամբ՝ դրանք պատկերելով մեծ ու փոքր, ինչո՞ւ են կապույտը դարձնում կարմիր։ Նկատենք, որ կապույտը խորհրդանշում է աստվածայնություն, վեհանձնություն, ազնվականություն։ Իսկ կարմիրը՝ կիրք, սեր, արյուն, հեղափոխություն ու նման բաներ։ Ոմանց վախեցնում է կարմիր գույնը, քանի որ այն ասոցիացվում է Ռուսաստանի և Թուրքիայի հետ, խորհրդային բռնազավթման տարիների մղձավանջի և Հայոց ցեղասպանության նահատակների արյան հետ։ Սակայն աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԵՄ երկրների, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի անձնագրերը կարմիր են։ Եվ այստեղ վախենալու բան չկա։ Կապույտ են ՀՀ, ԱՄՆ քաղաքացիների, անգլիացիների, բրիտանական գործընկերության երկրների և մի շարք այլ երկրների քաղաքացիների անձնագրերը։ Այս փոփոխությամբ կարծես ակնարկվում է, որ ՀՀ-ն մտադիր է ճամբարափոխ լինել և անցնել կարմիների ճամբարը։ Այս ճամբարում մեր անմիջական կարմիր հարևաններն են Թուրքիան ու Ռուսաստանը։ Գուցե Փաշինյանը այս փոփոխությունն անում է ռուս-թուրքական չբարեկամների պահանջո՞վ։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *