Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բժշկական օգնության և սպասարկման ոլորտում կառավարության բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը կապիտալ ներդրումներն ու ենթակառուցվածքների ամբողջական վերափոխումն է։
Նրա տեղեկացմամբ՝ վերջին տարիներին միայն պետական բյուջեի միջոցներով հանրային բժշկական կենտրոններում արդեն իրականացվել է շուրջ 40 միլիարդ դրամի ներդրում։
Ավանեսյանի խոսքով՝ ծրագրերն ընդգրկում են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկական ծառայությունները։
«Մինչև հուլիս կամփոփենք շուրջ 24 բժշկական հաստատությունների և ևս 11 ամբուլատորիաների շահագործման հանձնումը, իսկ մինչև տարվա ավարտ ամբողջությամբ կիրականացնենք նախատեսված 50 ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ առաջիկայում շահագործման կհանձնվի նաև ամբողջովին նորակառույց Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ծառայելու է մարզին որպես ռազմավարական նշանակության, ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատություն։
«Սիսիանի բժշկական կենտրոնում ունենալու ենք նոր ծառայություններ՝ սկրինինգային ծրագրեր, նոր վիրահատական միջամտություններ, համակարգչային շերտագրման սարքավորում, իսկ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներդնել նաև ինտերվենցիոն սրտաբանության ծառայություն»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարը շեշտել է, որ առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխումը հնարավոր չէր լինի առանց վերջին տարիների կապիտալ ներդրումների և բուժհաստատությունների վերազինման։
Նրա գնահատմամբ՝ մարզային բժշկական կենտրոններում արձանագրվում է աննախադեպ ակտիվություն, ինչը վկայում է ինչպես քաղաքացիների վստահության, այնպես էլ ծառայությունների հասանելիության աճի մասին։
«Մեր նպատակը այն է, որ մարդը ստիպված չլինի բուժօգնություն ստանալու համար գալ Երևան, այլ անհրաժեշտ ծառայությունները կարողանա ստանալ հենց իր մարզում»,- նշել է նախարարը։
Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ 2025 թվականի երկրորդ կիսամյակից մեկնարկել է մարզային բժշկական կենտրոնների լայնածավալ վերազինման ծրագիրը, որի համար հատկացվել է ավելի քան 7 միլիարդ դրամ։
Նրա խոսքով՝ բուժհաստատությունները համալրվում են մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպներով, էնդոսկոպներով և այլ կարևոր տեխնիկայով։ Որպես օրինակ նախարարը նշել է Արարատի բժշկական կենտրոնը, որը համալրվել է համակարգչային շերտագրման նոր սարքավորումով։
«Նախկինում քաղաքացիները ստիպված էին այդ ծառայության համար գալ Երևան, իսկ այժմ այն հասանելի է հենց Արարատի բժշկական կենտրոնում»,- նշել է նա։
Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում Գյումրիի բժշկական կենտրոնը ևս կստանա նոր մամոգրաֆիկ սարքավորում, իսկ ընդհանուր առմամբ նման ծառայություններ հասանելի կլինեն բոլոր մարզերում։