Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Արմեն Հակոբյանը։
Վերջինս անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իբր գյուղում 10 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նշեց, որ նման բան չկա․
«Մի փոքր ուռճացված է ներկայացվում իրավիճակը։ Խոսքը մեկ երեխայի մասին է, մոտ 10 տարեկան, որի մոտ առողջական խնդիր է առաջացել, հնարավոր է՝ կապված կոյուղաջրերի հետ։ Բայց դա չի նշանակում, որ գյուղում համաճարակային վիճակ է»,- ասաց նա։
Հակոբյանի խոսքով՝ տվյալ ընտանիքի բակում անցնում է ջրատար, որին միացված է նաև կոյուղագիծը, և նախկինում ևս այդ հարցով ահազանգ եղել է։
«Այդ բնակիչը նախկինում էլ է դիմել։ Այժմ որոշ աշխատանքներ իրականացվում են, բայց սա այնպիսի խնդիր չէ, որ ներկայացվի որպես տարածված կամ զանգվածային երևույթ»,- ասաց գյուղապետը։
Նա նաև հստակեցրեց, որ այլ երեխաների հիվանդանոց տեղափոխելու կամ զանգվածային վարակման դեպքեր չեն արձանագրվել․
«Ոչ մի նման բան չկա։ Խոսքը միայն մեկ երեխայի մասին է, ոչ թե 10»,- կրկնեց Արմեն Հակոբյանը։