Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղի միջնակարգ դպրոցը ևս փակվողների ցուցակում է։ Մեղրաշատցիների խոսքով՝ դպրոցի փակվելու վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբերի 1-ն է։
Կառավարության որոշման հետ սահմանամերձ այս գյուղում համաձայն չեն․ մարդիկ մտավախություններ ունեն, որ միտումնավոր դատարկում են գյուղը։
Այսօր Մեղրաշատի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները՝ իրենց ծնողների հետ միասին, բողոքի ակցիա են իրականացրել՝ այդպես արտահայտելով իրենց անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։
Հիշեցնենք, որ 2026 թ․-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով Շիրակի մարզում կփակվեն 48 դպրոցներ, որոնցից մեկը՝ Գյումրիում, իսկ մնացած 47-ը՝ սահմանամերձ և լեռնային գյուղերում։
Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։ Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ 279 աշակերտով։ Աշոցքի շրջանի Կարմրավան գյուղի հիմնական դպրոցը ևս փակվող դպրոցների ցուցակում է։ Մեղրաշատի դպրոցը գտնվում է Ամասիա խոշորացված համայնքում։
Մեղրաշատցիները նշում են, որ իրենց դպրոցը բավականին բարվոք վիճակում է, վերանորոգված է․ մի խոսքով՝ կրթություն ապահովելու համար բոլոր պայմանները կան։ Դպրոցն ունի 52 աշակերտ․ ծնողները գոհ են թե՛ ուսուցիչներից, թե՛ կրթական որակից։ Մեղրաշատի դպրոցը միանալու է հարևան Բյուրակն գյուղին, որը 2–3 կմ հեռու է։
«Ճանապարհը վատն է․ ո՞ւմ երեխաների կյանքի հետ են խաղում։ Ես իմ երեխային չեմ ուղարկի Բյուրակն։ Ինչի՞ են ուզում փակել դպրոցը․ մեր դպրոցը շատ էլ լավն է, հետևանքները անդառնալի են լինելու»,- ասում է ծնողներից մեկը։
Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ եթե դպրոցը փակվի, գյուղն էլ կդատարկվի, իսկ սահմանապահ գյուղը դպրոցն է պահում։
Մանրամասները՝ տեսանյութում։