«Արտերկրից կասկածելի զանգերի վերաբերյալ 7 ահազանգ եմ ստացել»․ Էրիկ Բեգլարյան

«Արտերկրից կասկածելի զանգերի վերաբերյալ 7 ահազանգ եմ ստացել»․ Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր արդեն ստացել եմ 7 զանգ մեր քաղաքացիներից, որոնք մտահոգված տեղեկացրել են, որ արտերկրից ստանում են կասկածելի զանգեր։ Զանգահարողները ներկայանում են որպես հեռահաղորդակցության օպերատորների աշխատակիցներ և փորձում են վստահություն ներշնչելով համոզել քաղաքացիներին, թե իբր անհրաժեշտ է իրենց հեռախոսներում «5G կարգավորումներ» կատարել։ Այդ պատրվակով նրանք առաջարկում են ներբեռնել որոշակի ծրագրեր կամ կատարել տարբեր գործողություններ։
     Իրականում նման ծրագրերը վտանգավոր են։ Դրանք հնարավորություն են տալիս հանցագործներին լիարժեք մուտք ստանալ մարդկանց հեռախոսներին՝ տեսնել անձնական տվյալներ, հաղորդագրություններ, լուսանկարներ, ինչպես նաև բանկային և այլ զգայուն տեղեկատվություն։ Կարճ ասած՝ հեռախոսը դառնում է ամբողջությամբ հասանելի երրորդ անձանց, գրեթե նույն չափով, ինչպես հենց օգտատիրոջ համար։
     Հետագայում այդ տվյալները օգտագործվում են խարդախ նպատակներով․ կան դեպքեր, երբ քաղաքացիների անուններով ձևակերպվել են վարկեր կամ իրականացվել այլ ֆինանսական գործարքներ, որոնց մասին մարդիկ տեղեկանում են միայն որոշ ժամանակ անց՝ արդեն կանգնելով լուրջ խնդիրների առաջ։
     Խնդրում եմ՝ եղեք առավելագույնս զգոն։
     Մի պատասխանեք կասկածելի զանգերին, հատկապես՝ արտերկրից։
     Ոչ մի դեպքում չներբեռնեք անհայտ ծրագրեր։
     Չհաղորդեք ձեր անձնական կամ բանկային տվյալները։
     Նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին։
     Հիշեք՝ հանցագործները գործում են շատ պրոֆեսիոնալ, տիրապետում են մարդկանց հոգեբանությանը և կարող են բավականին համոզիչ թվալ։ Ցավոք, արդեն ունենք տուժողներ, որոնց անուններով ձևակերպվել են խոշոր գումարների վարկեր։
     Եկեք լինենք զգոն և պաշտպանենք մեզ ու մեր շրջապատը նման խարդախություններից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *