Երևանի ավագանին հաստատել է նախագիծ, որով 2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի մի շարք աշխատողների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման մեխանիզմը։
Նախագծով քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարողների ամսական դրույքաչափերը նախատեսվում է հաշվարկել բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցի արտադրյալով։ Իսկ բազային աշխատավարձի չափը պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ։
Ամենաբարձր գործակիցը սահմանվում է Երևանի քաղաքապետի համար՝ 25.0։ Քաղաքապետի առաջին տեղակալի գործակիցը նախատեսվում է սահմանել 23.0, իսկ մյուս տեղակալներինը՝ 22.0։ Վարչական շրջանի ղեկավարի համար սահմանվում է 15.0, իսկ նրա տեղակալի համար՝ 12.5 գործակից։ Հայեցողական պաշտոնների շարքում քաղաքապետի խորհրդականի գործակիցը սահմանվում է 11.0, մամուլի քարտուղարինը՝ 10.0, քաղաքապետի օգնականինը՝ 8.0։ Քաղաքապետի առաջին տեղակալի օգնականի գործակիցը 7.0 է, քաղաքապետի մյուս տեղակալների օգնականներինը՝ 6.8։
Առանձին սանդղակ է նախատեսված նաև համայնքային ծառայության պաշտոնների համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի գործակիցը սահմանվում է 19.0, նրա տեղակալինը՝ 12.0, քաղաքապետարանի վարչության պետինը՝ 12.0, վարչության պետի տեղակալինը՝ 8.0։ Գլխավոր մասնագետների մի մասի համար նախատեսված են 4.2–4.7 գործակիցներ, իսկ առաջին կարգի մասնագետների դեպքում գործակիցը նվազում է մինչև 3.9–4.0։ Նախագիծը վերաբերում է նաև պայմանագրային աշխատողներին։ Օրինակ՝ ծրագրի և խմբի ղեկավարների համար սահմանվում է 6.5 գործակից, արտաքին ձևավորման դիզայների համար՝ 6.0, սոցիալական մեդիայի համակարգողի և լրագրողի համար՝ 4.7, գրաֆիկ դիզայների համար՝ 3.9։
Քաղաքապետարանի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող մեխանիզմը նման է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության հաշվարկման համակարգին։ Յուրաքանչյուր պաշտոնի համար գործակիցը ամրագրվում է առանձին, իսկ բազային աշխատավարձը նախատեսվում է սահմանել Երևանի տարեկան բյուջեով։ Որոշման նախագիծն ուժի մեջ մտնելու դեպքում նոր համակարգը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։