ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին


Այսօր ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով: Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել: Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:

«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- ասաց Ջուլհակյանը:

Երկրորդ նախագիծը հրատապ է այնքանով, որ ջերմատների և ավազանների շինթույլտվության համար տեղական տուրքերի փոփոխության վերաբերյալ նախագիծը պետք է օր առաջ ընդունել, քանի որ կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք սպասման փուլում են, և մեկնարկը կախված է տվյալ կարգավորման ընդունումից: Հաշվի առնելով նաև ոլորտի սեզոնայնությունը՝ չընդունումը կարող է հանգեցնել ծրագրերի հետաձգման, ներդրումային հոսքերի նվազման, տնտեսական ակտիվության անկման: Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է նախագիծն ընդունել օր առաջ:

Երրորդ նախագիծը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը: Վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, նաև մի շարք ժամկետների ապահովման նպատակով նախագիծը ներառվել է արտահերթ նիստի օրակարգում:

Չորրորդը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսվող նախագիծն է, որով կամրագրվի սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձևափոխվել է ԱԲ համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ ընտրական գործընթացներին ընդառաջ ահագնանում են այն տեմպերը, որոնցով ԱԲ-ով գեներացվում է մեդիաբովանդակություն, և կարևոր է, որ այդ հարցը կարգավորվի մինչև ընտրությունները, քանի որ հեռուստաընկերությունները և համապատասխան պետական կառույցներն այս կարգավորումներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու համար ժամանակի կարիք ունեն»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ կա միջազգային պրակտիկա, ՀՀ-ին տրված խորհրդատվություն, որ ընտրություններից 1 տարուց պակաս ժամանակահատվածում խաղի կանոններ չեն փոխվում: «Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ՝ այս ԸՕ-ի նպատակն ինչ է: Ընտրություններին մնացել է երկու ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխություն եք առաջարկում»,- ասաց նա:

Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն ունի նման ռեկոմենդացիա, բայց դա վերաբերում է հիմնարար կանոններին:

«Վենետիկի հանձնաժողովի համապատասխան ռեկոմենդացիան սահմանում է ֆունդամենտալ այն էլեմենտները, որոնք խորհուրդ չի տրվում փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ: Դրանք հետևյալն են՝ ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը, երրորդը՝ ընտրատարածքների փոփոխությունները: Այս երեք կետերից որևէ մեկին մեր կողմից կատարվող տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը վերաբերելի չէ»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ սա հակաիրավական է: Ըստ նրա՝ քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր ամենամեծ ուժն արդեն իսկ հայտարարել է իր անունը, մինչդեռ ԸՕ-ի փոփոխությունով օրենք է ներկայացվում, որը սահմանափակում է դա անել: Մամիջանյանը նաև հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թե՛ օրինագծին, թե՛ ԱԺ արտահերթ նիստի օրակարգին դեմ է քվեարկելու:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *