Մոտ երկու տարի չբարեկամները խոսում են 300 հազար ադրբեջանցիների Հայաստան, կամ, ինչպես իրենք են ասում՝ Արևմտյան Ադրբեջան, գալու և այստեղ բնակություն հաստատելու ցանկության մասին։
Այս խոսույթը բլե՞ֆ է, թե՞ լուրջ։
Թեման ցավոտ է ընկալվում հանրության մեծ մասի կողմից։ Ադրբեջանցիներն էլ միտումնավոր սրում են թեման պետական մակարդակով, ինչը հիմնավոր անհանգստություն է առաջացնում Հայաստանում։ Օրինակ՝ Հայաստանում բնակվել ցանկացողների տվյալներն են հավաքագրում, Բաքվի նկարիչների միությունում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես են կազմակերպում և այլն։
Թեման վերստին թարմացավ ապրիլի 29-ին, երբ Հայաստան ժամանեց Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Որոշ ընդդիմադիր գործիչներ լուրեր տարածեցին, թե Մուստաֆաևը եկել էր Երևան ոչ թե սահմանազատման թեմայով, այլ 300 հազար ադրբեջանցու բնակեցման պլանը քննարկելու համար։ Ավելին, նշում էին, թե ՀՀ որ մարզերի որ գյուղերում են բնակեցնելու 300 հազարին։
Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես հերքում է 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում բնակեցնելու հարցի գոյությունը։ Կառավարության վերջին նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ նա մեղադրեց լրագրողներին ադրբեջանական նարատիվները տարածելու համար, ապա շեշտեց՝ իրենք այլևս Ադրբեջանի հետ չեն քննարկում ո՛չ Ղարաբաղի և ո՛չ էլ Բաքվի ու այլ շրջանների հայերի վերադարձի հարցը։ Նա կարծիք հայտնեց, որ այս երկու հարցերը փոխկապակցված են, և երբ որոշ շրջանակներ շարունակում են խոսել Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, նրանք տեղ են բացում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի խոսույթի համար։
Փաշինյանն այս խոսքով փորձում է տպավորություն ստեղծել, թե հայ-ադրբեջանական պայմանավորվածություն կա, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը պարտավորվել է չխոսել Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին՝ դրա դիմաց ակնկալելով, որ Ադրբեջանն էլ չի խոսի 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում բնակեցնելու մասին։
Սակայն Փաշինյանի ասածին չեն հավատում ընդդիմադիր որոշ գործիչներ, որոնք, մեջբերելով Ալիևի հրապարակավ հայտարարությունները, պետական կառույցների ներգրավումն այդ խնդրին, ենթադրում են, որ Փաշինյանի կարծիքը ճշմարիտ չէ, և չբարեկամներն իրականում ունեն Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցնելու պլաններ՝ անկախ այն բանից՝ Հայաստանն Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին կխոսի՞, թե՞ ոչ։
Ի վերջո՝ դժվար չէ նկատելը, որ այս ծրագիրը նույնիսկ ողջամտության առումով է խոցելի։ Ադրբեջանցիներն իրականում վախենում են գալ, ապրել Հայաստանում, քանի որ գիտակցում են, թե ինչ հանցագործություններ են կատարել հայ ժողովրդի դեմ։ Նրանք նույնիսկ վախենում են Արցախում ապրել, որը լիովին զավթել են, ուր մնաց՝ գան Հայաստան, որի ինքնիշխան իրավունքները ճանաչել են Օգոստոսի 5-ին նախաստորագրած պայմանագրով։ Այս առումով՝ ենթադրելի է, որ 300 հազարի մասին խոսույթը բլեֆ է, որն, ինչպես հուշում է Փաշինյանը, չբարեկամը կիրառում է որպես հակակշիռ։ Այսինքն՝ երբ հայերը կամ ժողովրդավարական, քրիստոնյա երկրները խոսում են Արցախի հայերի վերադարձի իրավունքի և Արցախի ազատության իրավունքի մասին, Բաքուն էլ բարձրացնում է այս հարցն ու այսպիսով փորձում ճնշել Արցախի մասին խոսույթը։
Կարճ ասած՝ հույս կա, որ 300 հազար ադրբեջանցու բնակեցման մասին բլեֆը չի աշխատի և նախընտրական փուլում չի հաջողվի ստվերել ՀՀ անկախությանն ու ժողովրդավարությանն առնչվող հիմնարար հարցերը՝ առաջին պլան մղելով 300 հազարին դիմագրելու հարցը։
Իսկ եթե որոշ թեկնածուներ կարծում են, թե սա բլեֆ չէ, ապա կարող են համարժեք բարձրացնել հայերի՝ Արցախ, ինչպես նաև Բաքու, Սումգայիթ ու հայկական նախկին այլ բնակավայրեր վերադառնալու հարցը, կազմել պլաններ, հավաքագրել վերադառնալու ցանկություն ունեցող հարյուր հազարավորների, կազմակերպել միջազգային մեծ կոնֆերանսներ Արցախի ազատագրման վերաբերյալ։ Եվ եթե այս ամենը չեն անում, այլ միայն 300 հազար ադրբեջանցու ՀՀ-ում բնակեցնելու չբարեկամական պլանի մասին են խոսում, ապա դա ընդամենը վնասակար ազդեցություն է թողնում ժողովրդի վրա, առաջ բերում տագնապներ, վախ։
Թաթուլ Մկրտչյան