Մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում


Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներկայացվող նախագիծը վերաբերում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը:

Գործող կարգավորմամբ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել, ի թիվս այլնի, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:

Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:

 

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանրակրթությունը՝ անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով:

 

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետի համաձայն՝ հեռավար (դիստանցիոն) կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով:

 

Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.5-րդ կետի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը սահմանելու իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:

 

Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձել են նաև մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերով:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, այդ թվում՝ այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

 

Միաժամանակ, գործնականում ներկայումս հնարավոր չի լինում ապահովել վերջիններիս հանրակրթության իրավունքի պատշաճ իրացումն ու պարտադիր կրթական ծրագրերի իրականացումը, քանի որ բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները:

 

Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցի կիրառման պայմաններում անձի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է, և վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել հեռավար (դիստանցիոն) կարգով, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանով:

 

Նախագծով առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք և դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից,  կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով: 

 

Գալյանի ելույթի վերջում ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանն ասաց՝ իրեն տեղեկացրել են՝ այսօր նախարարի ծննդյան օրն է: 

 

«Ուզում եմ ջերմորեն շնորհավորել, լավագույն մաղթանքներս և օրվա հրաշալի շարունակություն մաղթել ձեզ»,- ասաց Արշակյանը, որի խոսքերին դահլիճից արձագանքեցին ծափերով:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *