«Հայաստանը փորձում է Մոսկվայի համբերությունը՝ Զելենսկիի այցով և ԵՄ առաջնորդների գագաթնաժողովով»․ #Euronews

«Հայաստանը փորձում է Մոսկվայի համբերությունը՝ Զելենսկիի այցով և ԵՄ առաջնորդների գագաթնաժողովով»․ #Euronews

Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանալի հստակությամբ ուրվագծեց երկրի արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ հյուրընկալելով եվրոպացի առաջնորդներին։ Տեսարան, որը համեմատաբար վերջերս դժվար էր պատկերացնել. եվրոպացի առաջնորդները, Կանադայի վարչապետը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ուկրաինայի նախագահը Հայաստանում, մի երկրում, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցը Հարավային Կովկասում, գրում է Euronews-ի ռուսական ծառայությունը:

Մոսկվան հայտարարել էր, որ չի հանդուրժի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին Կրեմլում կայացած լարված հանդիպման ժամանակ նախազգուշացում է հղել Փաշինյանին՝ հնչեցնելով ոչ այնքան անուղղակի սպառնալիք ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան Մոսկվային ավելի է զայրացրել, քան ԵՄ առաջնորդների կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը։

Սա Զելենսկիի առաջին այցն է Հայաստան 2019 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր: Սակայն ընդհանուր պատկերի մեջ էլ ավելի է ապշեցնում այն փաստը, որ սա Ուկրաինայի ղեկավարի առաջին այցն է Հայաստան 24 տարվա ընթացքում։

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին նշել է երկու երկրների «ակտիվ երկխոսության վերականգնման» կարևորությունը։ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ առաջնորդները քննարկել են «տնտեսական գործընկերության զարգացումը»։ Բայց ամենակարևորը, Զելենսկին և Փաշինյանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Փաշինյանի հետ խաղաղության գործընթացի հարցը բարձրացնելով՝ Զելենսկին, կարծես, ընդլայնում է Պուտինի հետ հանդիպման հնարավոր վայրերի շրջանակը, որից Կրեմլը բազմիցս հրաժարվել է։

Եվ եթե ռուս պաշտոնյաները զերծ են մնում Հայաստան նրա այցի վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, ապա Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները բավական կտրուկ են արտահայտվում ՝ այն անվանելով «նվաստացում» և նույնիսկ քննադատում Կրեմլի պաշտոնյաներին։

Շատ քննադատություններ են հնչել նաև Հայաստանի հասցեին. ռուս լրագրողներն Ուկրաինայի առաջնորդի այցն անվանել են «հարված Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *