2027 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի և տարաների վաճառքն առևտրի կետերում

2027 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի և տարաների վաճառքն առևտրի կետերում

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ վաճառքը:

2026 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովն ընդունեց այս ապրանքների առկայությունը կամ վաճառքն արգելող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն օրենսդրական փաթեթի ընդունման առթիվ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն։ COP17-ի նախաշեմին այս նախաձեռնությունը հնարավորություն կտա մեր երկրին հանդես գալ որպես պատասխանատու պետություն, որը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին»։

Այս օրենսդրական նախաձեռնության մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն Էկոլուրի հետ զրույցում ասաց․ «Պլաստիկը ոչ միայն շրջակա միջավայրն է աղտոտում, այլ նաև սննդային շղթայի միջոցով անցում է մարդու օրգանիզմ։ Դա է պատճառը, որ այս քաղաքականությունն է տարվում։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք ինչ-որ մի բան ուղղակի ուզում ենք արգելել, բայց ոչ, արգելքն ինքնանպատակ չէ։ Դա արվում է հանուն շրջակա միջավայրի պահպանության և մարդու առողջության»։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվեց առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ «Մինչև 50 միկրոնի շեմն առաջարկվել է որպես միջանկյալ լուծում, որպեսզի արտադրողներն էլ վերապրոֆիլավորվեն։ Իրազեկվել էր, որ հաջորդ փուլը պետք է լինի ամբողջական արգելքը», – ասաց Լուսինե Ավետիսյանը։

Օրենքի պահանջի կատարման վերահսկողությունն իրականացնելու են և՛ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ «Օրենքի պահանջը խախտելու համար սահմանված է տուգանք։ Առաջին անգամ խախտելու դեպքում՝ նախազգուշացում, դրանից հետո արդեն 100-150 հազար դրամ տուգանք է սահմանված։ Վերահսկողությունն իրականացվելու է դիտարկման ձևով։ Այսինքն, ցանկացած պահի տեսչական մարմնի աշխատակիցը կարող է մտնել և ստուգում իրականացնել։ Արգելվելու է անգամ խանութում այդ ապրանքի առկայությունը։ Եթե  նույնիսկ ասեն՝ չենք վաճառում, չպետք է այդպես լինի», – ասաց Լուսինե Ավետիսյանը։

Այս օրենսդրական փաթեթի ընդունումը չի նշանակում, որ պլաստիկն ընդհանրապես դուրս կգա մեր կյանքից, այդպիսի թյուրըմբռնում կա հասարակության որոշակի շրջանակներում։ Շրջանառության մեջ կմնան պլաստիկ շշերը, կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաները, կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, առանց որոնց հնարավոր չէ սննդամթերքի որոշ տեսակներ վաճառել։ Արգելված չեն աղբի համար երկրորդային հումքից արտադրված պարկերը։

 

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 27, 2026 at 18:18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *