
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին կյանքին: «Ես ստանձնել եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը»,- հայտարարել է նա՝ նույն համատեքստում հիշատակելով նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։
Երբ խոշոր տերության ղեկավարը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակավ հայտարարում է, որ աջակցում է գործող վարչապետին, դա այդ երկրի ներքին կյանքին միջամտելու ցայտուն դրսևորում է: Առավել ուշագրավը, սակայն, Մակրոնի փորձն էր՝ այդ աջակցությունը ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Ֆրանսիայի նախագահը փորձել է տարբերակել արտաքին ներգործության «թույլատրելի» և «անթույլատրելի» ձևերը․ եթե Արևմուտքն է աջակցում՝ դա «մասնակցություն է ժողովրդավարությանը», եթե Ռուսաստանն է փորձում ազդեցություն ունենալ՝ դա «ժողովրդավարության կեղծում» է։ Հենց այստեղ է սկսվում քաղաքական ցինիզմը։ Ինքնիշխան պետության ներքաղաքական կյանքում արտաքին դերակատարի բացահայտ աջակցությունը չի դադարում միջամտություն լինել միայն այն պատճառով, որ այն ներկայացվում է «արժեքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության աջակցության» փաթեթավորմամբ։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե արտաքին ազդեցության փաստն է, այլ այն, թե ով է իրականացնում այդ ազդեցությունը և ում օգտին։ Միջազգային հարաբերությունները երբեք չեն կառուցվել արժեքների վրա։ Մեծ տերությունները գործում են նախ և առաջ սեփական շահերի տրամաբանությամբ՝ անկախ այն բանից, թե իրենց գործողությունները ինչ բարոյական կամ գաղափարական ձևակերպումներով են ներկայացվում։ Ֆրանսիան Հայաստանում չի իրականացնում վերացական «ժողովրդավարական առաքելություն»։ Փարիզն այստեղ ունի հստակ աշխարհաքաղաքական շահեր՝ Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնում, Ռուսաստանի դիրքերի թուլացում և եվրոպական քաղաքական ներկայության խորացում։ Այս համատեքստում Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է որպես այդ քաղաքական գծի գործընկեր և կրող։ Հետևաբար, Մակրոնի աջակցությունն ուղղված է կոնկրետ քաղաքական իշխանությանը։ Երբ Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ներկայացվում է որպես սպառնալիք, իսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը՝ որպես «ժողովրդավարության մասնակցություն», ձևավորվում է երկակի չափանիշների մի համակարգ, որը հենց ինքն է հարվածում ժողովրդավարական ինստիտուտների վստահելիությանը։
Հայաստանի ընտրություններն աստիճանաբար վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ արդեն բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրած դերակատարներին։
Որտե՞ղ է ավարտվում «աջակցությունը» և սկսվում «միջամտությունը»։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ:
Մակրոնն ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։ Նա պարզապես փորձել է հիմնավորել, որ արևմտյան ներգործությունն ունի «այլ բնույթ»։ Սակայն միջազգային հարաբերություններում «բացառիկության» այս թեզը մշտապես հանգեցրել է երկակի ստանդարտների, քաղաքական ցինիզմի և փոքր պետությունների ինքնիշխանության արժեզրկման։
Փաշինյանի «ժողովրդավարությունը» վերածվել է ոչ թե ինքնուրույն պետական համակարգի, այլ արտաքին ազդեցությունների պայքարի գործիքի։
Ընտրությունները հայ ժողովրդի որոշումն են լինելու, ոչ թե Փարիզի, Մոսկվայի կամ Բրյուսելի։ Սա է մեր ընտրական թիմի հստակ համոզումը»: