Նիդերլանդական «Oceanwide Expeditions» ընկերությանը պատկանող MV Hondius շքեղ հանգստանավում բռնկվել է մահացու վտանգավոր հանտավիրուս: Հայտնաբերվել է վարակման յոթ դեպք, որոնցից երեքն արդեն ավարտվել են մահվամբ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Արգենտինայից (Ուշուայա) դեպի Կաբո Վերդե ուղևորվող նավում եղել է 147 մարդ՝ 88 ուղևոր և անձնակազմի 59 անդամ։ Նրանց մեջ եղել են 23 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Այն նավարկել է Հարավային Ատլանտիկայով՝ կանգառներ կատարելով Անտարկտիդայում, Հարավային Ջորջիայում, Նայթինգեյլ, Տրիստան դա Կունյա, Սուրբ Հեղինե և Համբարձման կղզիներում: Ներկայումս իրավիճակը գտնվում է միջազգային առողջապահական կառույցների հսկողության տակ:
Արգենտինայի Ուշուայա նավահանգստից դեպի Կաբո Վերդե ուղևորվող նավում գտնվում է 147 մարդ (88 ուղևոր և անձնակազմի 59 անդամ), որոնք ներկայացնում են 23 տարբեր ազգություններ:
Մինչ գիտնականները փորձում են պարզել վիրուսի ստույգ շտամը, գրեթե բոլոր ուղևորներն ու անձնակազմը մնում են 45-օրյա կարանտինի մեջ։ Նրանց խորհուրդ է տրվել մնալ իրենց նավախցիկներում և հետևել ախտանիշներին։ Հանտավիրուսի ևս մեկ դեպք է գրանցվել Շվեյցարիայում՝ մի տեղաբնակի մոտ, ով ապրիլի վերջին էր վերադարձել Հարավային Ամերիկայի կրուիզից, հայտնել է կառավարությունը։
ԱՀԿ-ն համաշխարհային բնակչության համար ռիսկն առայժմ գնահատում է ցածր, սակայն կշարունակի հետևել իրավիճակին։ Գիտնականների կարծիքով՝ ներկայիս իրավիճակը նման չէ կրուիզային լայներների վրա կորոնավիրուսի նախորդ բռնկումներին։ Կազմակերպությունը պնդում է, որ հիվանդությունը հազվադեպ է և կարող է ընթանալ ծանր աստիճանի թոքաբորբի արագ զարգացմամբ։ Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 2-4 շաբաթ անց, սակայն կարող են զարգանալ նաև մեկ շաբաթվա ընթացքում։
Վիրուսը կարող էին փոխանցել առնետները կամ մկները։ «Հավանական է, որ կրծողները նավ կարող էին ներթափանցել Արգենտինայում կանգառի ժամանակ»,- ասել է Ջոնս Հոփկինսի համալսարանի մոլեկուլային միկրոբիոլոգիայի և իմունաբանության պրոֆեսոր Սաբրա Քլայնը։ Հարավաֆրիկյան Հանրապետության Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետ Լյուսիլ Բլումբերգը NBC-ին հայտնել է, որ բռնկումը կարող էր սկսվել թռչունների դիտման էքսկուրսիայից հետո։ ԱՀԿ-ն հակված է այն վարկածին, որ նավի վրա բռնկումը տեղի է ունեցել վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփման հետևանքով։ Ամերիկացի համաճարակաբան և ԱՀԿ տեխնիկական խորհրդատու Մարիա Վան Կերկխովեն նշում է, որ կազմակերպությունը թույլ է տալիս նաև վիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման հնարավորությունը, քանի որ զոհերի թվում կան ամուսիններ, ովքեր ապրել են նույն նավախցիկում։
Առաջին վարակվածը չափահաս տղամարդ է եղել: 2026 թվականի ապրիլի 6-ին նրա մոտ ի հայտ են եկել տենդ, գլխացավ և թեթև լուծ, իսկ արդեն ապրիլի 11-ին զարգացել են շնչառական ծանր ախտանիշներ: Նա մահացել է նավի վրա հենց նույն օրը: Երկրորդ զոհը մի կին է եղել, ով սերտ շփում է ունեցել առաջին հիվանդի հետ: 2026 թվականի ապրիլի 24-ին նա հիվանդության պատճառով ափ է դուրս եկել Սուրբ Հեղինե կղզում: Ապրիլի 25-ին՝ դեպի Յոհանեսբուրգ թռիչքի ժամանակ, նրա վիճակը կտրուկ վատացել է, իսկ ապրիլի 26-ին նա մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության շտապօգնության բաժանմունք ժամանելուն պես: Մայիսի 4-ին ՊՇՌ թեստի միջոցով նրա մոտ հաստատվել է հանտավիրուսային վարակ: Եվս մեկ կին մահացել է մայիսի 2-ին. նրա մոտ տենդն ու ինքնազգացողության վատացումը սկսվել են ապրիլի 28-ին:
Բացի այդ, նավի վրա կան ևս երեք կասկածելի դեպքեր։ Նրանց մոտ դիտվել են բարձր ջերմությամբ և/կամ ստամոքսաղիքային ախտանիշներ։ Մի տղամարդ 2026 թվականի ապրիլի 24-ին դիմել է նավի բժշկին՝ տենդի, հևոցի և թոքաբորբի նշաններով։ Ապրիլի 26-ին նրա վիճակը վատացել է, իսկ ապրիլի 27-ին նրան տարհանել են Հարավային Աֆրիկա, որտեղ նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Հանտավիրուսը հաստատվել է 2026 թվականի մայիսի 2-ին։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ աշխարհում գոյություն ունի հանտավիրուսի գրեթե 40 շտամ, և դրանք առաջացնում են տարբեր հիվանդություններ։ Բոլորն էլ կարող են ծանր ընթացք ունենալ, սակայն Andes շտամը համարվում է ամենավտանգավորը։ Այն սպանում է վարակվածների գրեթե 40%-ին։ Երեկ Արգենտինայի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այս տարի Արգենտինայում գրանցվել է հանտավիրուսով վարակման 42 դեպք։ Ընդ որում վարակման դեպքերից ոչ մեկը չի գրանցվել հենց այդ նահանգում։ Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Բուենոս Այրեսում։