ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել Թուրքմենստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ քննարկել են Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները»։