«Հրապարակ»․ Անտոնիու Գուտերեշին սխա՞լ ինֆորմացիա են փոխանցել

Ինչո՞ւ ՄԱԿ-ը ճնշում չի գործադրում, որպեսզի Բաքուն ազատ արձակի հայ գերիներին. Երեւանում կայացած ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ հղեց. «Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաեւ, բնականաբար, ներառում է կալանավորված անձանց»: Նա Երեւան է ժամանել՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին՝ COP17-ին մասնակցելու համար:

Անցած տարի Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրում գերիների մասին կետ չկա, իսկ ադրբեջանական բանտերում շարունակում են 19 հայ գերի պահել: Նրանցից ոմանք անգամ դատապարտվել են ցմահ կամ 15 տարի ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթացող այդ դատավարություններն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ, հայ գերիները զրկված են տեսակցություններից, հարազատների հետ հաղորդակցությունից, անկախ իրավապաշտպանների ու փաստաբանների աջակցությունից: Իրականում, նրանք դատվում են հայ լինելու, այլ ոչ թե հանցանքներ կատարելու համար: Եվ նրանց ազատ արձակելու ուղղությամբ ջանքեր չի ներդնում ո՛չ Հայաստան պետությունը` ի դեմս ՀՀ իշխանությունների, ո՛չ միջազգային հանրությունը: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրն արագ կստորագրվի, եւ այդ շրջանակում կլուծվեն նաեւ հայ գերիներին ազատ արձակելու հարցերը: «Ես խաղաղության պայմանագրի մեծ ջատագովն եմ: Հույս ունեմ, որ խաղաղության համաձայնությունն արագ գործողության կվերածվի, եւ կլուծվեն բոլոր առկա խնդիրները, որոնք իսկապես ցավալի են»: Անտոնիու Գուտերեշը գոհ է Հայաստանի ջանքերից։ «Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ եւ տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ն աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակն աչքի է ընկնում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Գուտերեշի հայտարարությանը, նկատում է. «Իմ ընկալումն այն է, որ Անտոնիու Գուտերեշը մտածում է, թե այդ համաձայնագրում կետ կա՝ հայ ռազմագերիների հայրենադարձման մասին, եւ այդ պատճառով էլ գերիների վերադարձի հարցն այդ պրոցեսում է դիտարկում, որպեսզի այն վավերացնի, ուժ ստանա, ինչից հետո կարող է հարցն ընթացք ստանալ, սակայն իրականությունն այն է, որ խաղաղության համաձայնագրում գերիների մասին որեւէ դրույթ չկա: Այսինքն, պետք է հասկանալ՝ Գուտերեշին սխա՞լ ինֆորմացիա են փոխանցել, եւ նա չգիտի, որ այդ կարեւոր, մարդասիրական հարցը դուրս է մնացել պայմանագրից, թե՞ նա իսկապես տեղյակ է, որ նման դրույթ չկա, եւ կարծում է, որ նախ պետք է խաղաղություն հաստատվի, ինչից հետո գերիների հարցը նոր կարող է լուծվել»:

Իրավապաշտպանը նաեւ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է գերիների լուսանկարները տրամադրելուց: Մենք հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը։ «Քանի որ մենք խոսում ենք մեխանիզմների մասին, ապա պետք է ասել, որ սա էլ քաղաքականության մի դրսեւորում է, ոչ միայն թույլ չեն տալիս այցելությունների տեսքով կատարել անձանց դիտարկում, այլեւ հրաժարվում են նաեւ լուսանկարներ տրամադրելուց, ինչը նույնպես տեղեկություն փոխանցելու մի տեսակ է: Հայ ռազմագերիներին տեղեկատվական վակուումում պահելու մի դրսեւորում է սա: Այստեղ չկա որեւէ այլ բացատրություն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *