Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է անում մերժել Հորմուզի նեղուցի մասին «քաղաքական դրդապատճառներով» պայմանավորված ԱՄՆ բանաձևը

Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով հավատարմություն ցուցաբերել արդարության սկզբունքներին և չաջակցել Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ ամերիկյան բանաձևի նախագծին։ X սոցիալական ցանցում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված են անօրինական քայլերի օրինականացմանը և սեփական քաղաքական օրակարգի առաջմղմանը՝ «նավագնացության ազատության» պաշտպանության պատրվակով։

Պաշտոնական Թեհրանի կարծիքով՝ տարածաշրջանում ճգնաժամի կենսունակ լուծումը բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, ծովային շրջափակման վերացման և նավերի բնականոն անցման վերականգնման մեջ է։ Իրանական կողմը ԱՄՆ-ի նոր նախագիծը բնութագրել է որպես ոչ կոռեկտ և Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել առաջնորդվել տրամաբանությամբ ու միջազգային իրավունքի սկզբունքներով, այլ ոչ թե տեղի տալ արտաքին ճնշումներին։

Նեղուցում նավագնացության շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին Բահրեյնի պատրաստած նմանատիպ բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ն չընդունեց: Այն ժամանակ փաստաթղթին կողմ էր քվեարկել Անվտանգության խորհրդի անդամ 11 երկիր, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին քվեարկել՝ օգտվելով վետոյի իրավունքից։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պարզաբանել էր, որ նման փաստաթղթի ընդունումը կստեղծեր վտանգավոր իրավական նախադեպ և փաստացի «քարտ-բլանշ» կտար Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու համար։

Դիվանագիտական դիմակայության նոր փուլը սկսվել է մայիսի 5-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնեց բանաձևի թարմացված նախագիծը քննարկման ներկայացնելու մասին։ Պետքարտուղարության ղեկավարը խոստովանել է, որ Վաշինգտոնը շտկել է նախորդ փաստաթղթի ձևակերպումները՝ ձգտելով չեզոքացնել իբր Իրանի կողմից բխող սպառնալիքը, սակայն անվստահություն է հայտնել, թե արդյոք փաստաթուղթը կընդունվի Անվտանգության խորհրդի ներկայիս կազմով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *