Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը ներկուսակցական ընտրությունների ընթացքում խախտումների կասկածների պատճառով հեռացվել էր ՔՊ նախընտրական ցուցակից, այսօր ակտիվորեն ներգրավված է Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի առաջմղման գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մարտին գրել էր Դանիելյանի՝ ՔՊ ցուցակից հեռացման մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա դեմ բողոք էր ներկայացրել ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը՝ պնդելով, որ Դանիելյանը հեռախոսով խնդրել է ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին իրեն ընտրել։

Կուսակցության ներսում այդ հանգամանքը դիտարկվել էր որպես քարոզչության արգելքի խախտում։ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել էր, և նա չմասնակցեց ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու։

Սակայն կուսակցական ցուցակից հեռացումը չխանգարեց Դանիելյանին շարունակել ակտիվ կուսակցական գործունեությունը։ Մեր տեղեկություններով՝ այժմ նա ամենուր ներկայացնում է ՔՊ-ի՝ Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանին՝ դառնալով նրա առաջմղման ակտիվ մասնակից։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Դանիելյանը Կապանում է հիմա «շրջագայում», փակ ու բաց հանդիպումներում ներկայացնում է Նարեկ Բաբայանին։ Իշխանությունները ներքին վստահություն արդեն ունեն, որ Բաբայանը չի կարողանալու հաղթանակ ապահովվել, ու քարոզ իրականացնողը ևս Կապանում ռեյտինգ չունի։

Կապանում ՔՊ-ի քաղաքական հաշվարկներն ու Դանիելյանի դերակատարությունը դեռևս սպասում են իրենց պատասխաններին։

Իսկ Դանիելյանի հաշվարկն այն է, որ Նարեկ Բաբայանի ընտրվելու դեպքում ինքը ևս կարողանա նոր պաշտոն ստանալ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *