Վեդիի զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, չկա երկրի քաղաքական ղեկավարություն. Թաթոյան

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքին։ Նա մատնանշել է իրավապահների անգործությունը, շեշտել, որ զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, չկա երկրի քաղաքական ղեկավարություն։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վեդիում 2 անչափահաս քույրերը կմնային արդարության սպասումով ու ինքնադատաստանի հույսով, եթե լրագրող Սյուզի Բադոյանն իր համարձակ պրոֆեսիոնալ աշխատանքով պետական մարմինների գործն իր վրա չվերցներ ու եթե փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը (Lusine Martirosyan) և Վարդուհի Էլբակյանը բարձր պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին: Գործի հետ կապված զարգացումները կրկին համոզում են, որ մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով։

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն: Վեդիի քաղաքապետ կոկորդիլոսագետը զբաղված է «քաղաքական հակառակորդների» փնտրտուքով ու միայն «ցանկալի» կալանավորումների մասին ինֆորմացիաներից սոցցանցերում հրճվելով։

Դրա համար եմ ասում, որ մեզ քաղաքականություն է բերել ոչ թե պաշտոնի կռիվը կամ երազանքը քաղաքականությունում լինելու, այլ մարդկանց խնդիրները լուծելու կամքը, որ մարդիկ չմոռացվեն, հանցանքները չթաքցվեն, իրավապահ համակարգը չծառայի քաղաքական իշխանությանը, որ մարդն իմանա, որ անհնար է իր երկրում հանցանք կատարածը չպատժվի, որ ինքնադատաստանները բացառվեն, քանի որ պետական մարմինները ճիշտ տեղում են, որ փաստաբաններն ու լրագրողները ստիպված չլինեն ամեն օր կռիվ տալ, որ պետությունը կատարի իր գործառույթը:

Արդարությունը հենց դրա համար է գալիս։ Մենք բերելու ենք հենց այդպիսի արդարություն»,- գրել է Թաթոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *