Մենք երբեք բռնության կամ անկարգությունների կոչ չենք արել, և իշխանությունների բոլոր հակառակ հայտարարությունները զրպարտություն են։ Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանական նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը մեղադրում է 2024 թվականի հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ Ոստիկանությանը սադրելու մեջ, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ «Կոնկրետ անուններ տվեք, այլապես դուք ստում եք»,- ասել է Դանիելյանը։
Այնուհետև պատգամավորը միացրել է մի ձայնագրություն, որտեղ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս ընդդիմադիր եղած տարիներին՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, հայտարարում է, թե իր «հոգին փառավորվում էր», երբ լսել էր, որ ցուցարարները ոստիկաններից խլել են վահաններն ու մահակները, և կոչ էր անում ինքնապաշտպանության համար ձեռքի տակ ունենալ փայտեր, քարեր կամ այլ իրեր։ «Ես ձեզ կոնկրետ օրինակ հիշեցրեցի»,- պարզաբանել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակում ներկայացվել են համատեքստից կտրված ձայնագրություններ, որոնց 50%-ը լսելի չէ, թեև պնդում են, թե դրանք մոնտաժված չեն։ «Հարցնում եմ գլխավոր դատախազին՝ արդյո՞ք այդ ձայնագրություններն իրական են, անցկացվե՞լ է փորձաքննություն։ «Սրբազան պայքար» շարժումը նպատակ ուներ կանխել մեր հայրենիքի մի մասի հանձնումը։ Այդ ժամանակահատվածում հայտարարվել է, որ Կադաստրի կոմիտեի տված սեփականության վկայականները կեղծվել են, ու իբր քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ եղավ այդ գործը, մանավանդ որ այդ վկայականների մի մասը տրվել է հենց ներկայիս իշխանությունների օրոք։ Նորություն կա՞։ Մեղավորները գտնվե՞լ են։ Այդ ամբողջ գործը փուչիկ է, թեև իշխանություններն արդեն նախապես ուղղորդել էին իրավապահ մարմիններին, որպեսզի գործը տանեն իրենց ձեռնտու հունով»,- նշել է ընդդիմադիրը։ Պատգամավորը մեղադրել է իշխանություններին «հեռախոսային արդարադատություն» իրականացնելու մեջ։
«Իշխանությունները մշտապես խոսում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին։ Դե, բացահայտեիք․ արդեն 8 տարի է՝ իշխանության եք»,- հորդորել է նա։ Այնուհետև Գառնիկ Դանիելյանը միացրել է ևս մեկ ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Մարտի 1-ի» գործն ամբողջությամբ բացահայտված է։ «Այդ ձայնագրությունն արվել էր այն ժամանակ, երբ հայտնի մարդիկ հեռախոսով հետաքրքրվում էին՝ այս կամ այն անձանց կալանքը տվեցի՞ն, թե՞ ոչ»,- ընդգծել է պատգամավորը՝ նկատի ունենալով ավելի ուշ գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանին։
Նա նշել է, որ կալանքը չպետք է կիրառվի որպես պատժի միջոց, մինչդեռ իշխանություններն այն օգտագործում են հենց այդ նպատակով։ «Երբ ձեր գործընկերը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, չորս երեխաների հայր Արթուր Սարգսյանը չորս ամիս անազատության մեջ էր, ձեր հոգին ցնծո՞ւմ էր։ Վաղը, երբ դուք լինեք ընդդիմություն և ձեր հանդեպ անարդարություն լինի, ես այդ մասին բարձրաձայնելու եմ»,- հավելել է Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։
Նա հիշեցրել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը գտնվում է բաքվի բանտում, իսկ իշխանությունները երախտագիտություն են հայտնում Ադրբեջանի նախագահ Ալիևին։ «Գերիների ազատ արձակմամբ զբաղվելու փոխարեն՝ դուք շնորհակալություն եք հայտնում Ալիևին»,- եզրափակել է պատգամավորը։