
Ամերիկա-իրանական բանակցություններում ամենաուշագրավ կետը Իրանի կողմից ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում հայտարարելու դրույթն է, որը քննարկվելու է այն ժամանակ, երբ կողմերը հասնեն համաձայնության՝ գրում է The Wall Street Journal պարբերականը։ ԱՄՆ-ն նպատակ է հետապնդում, որ Իրանի հետ կնքվելիք գործարքում ամրագրվի մի քանի դրույթ․
• Հաստատում, որ Իրանը չի ձգտում ունենալ միջուկային զենք
• Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի միջուկային օբյեկտների ապամոնտաժ
• Իրանում ստորգետնյա միջուկային աշխատանքների արգելում
• Պահանջի առկայության դեպքում տեսչական ստուգումների անցկացում, իսկ հայտնաբերված խախտումների դեպքում՝ նաեւ սանկցիաների սահմանում
• Հորմուզի նեղուցի ապաարգելափակում
• Ապագայում Իրանի դեմ սանկցիաների հնարավոր մեղմացում։
Ռուս փորձագետ Իրինա Ֆյոդորովան «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում նկատում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի հանդեպ ԱՄՆ պահանջները շարունակում են մնալ նույնքան կտրուկ, որքան նախկինում էին, ուղղակի՝ ավելի դետալացված։ ԱՄՆ-ն պահանջում է, որ իրանական 400 կգ բարձր հարստացվածության մակարդակի ուրանի պաշարը դուրս հանվի երկրի տարածքից, եւ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը։ Դրանք այն պայմաններն են, որոնք, ամերիկյան կողմի կարծիքով, երաշխավորում են, որ Իրանը չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք եւ 20 տարի չպետք է ուրան հարստացնի՝ նույնիսկ 3,67 տոկոս հարստացվածության ուրանն ընդունելի չէ, որը նախատեսված էր Միջուկային գործարքի համաձայնագրով։ Սակայն Իրանն էլ իր «կարմիր գծերն» ունի՝ չնայած ամեն փուլում պահանջներն ԱՄՆ-ի հանդեպ մեղմացնում է, սակայն միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու պատրաստ չէ։ Եվ բանակցությունների դինամիկան շարունակում է մնալ անհայտ, որովհետեւ իրանական էլիտաներում այդ առնչությամբ տարբեր տեսակետներ կան։ Բարենորոգիչները կարծում են, որ անհրաժեշտ են նորմալ հարաբերություններ Արեւմուտքի հետ, գնալ զիջումների, հասնել տնտեսական սանկցիաների վերացման, պահպանողականները եւ հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դրան դեմ է։ Ու այդ անորոշությունն առկա է նաեւ պաշտոնական հայտարարություններում։