
Նույնիսկ Անահիտ Մանասյանի նման ՔՊ-ի կցորդը այլեւս չի դիմանում եւ չի կարողանում լիարժեքորեն կատարել իշխանական սազանդարի՝ իրեն վերապահված դերը։ Երեկ նա Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թվականի տարեկան հաղորդում, նաեւ անդրադարձել է «խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին»։ Պարզ է, որ սկզբում խոսել է իրենց սիրելի թեմայի` «ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթների» մասին, բայց չի նշել, որ այդ խոսույթի հայրն ու թեժ պահողը հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են։
Հետո զարմանալիորեն «մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն»: Եթե մարդկային հայերենով ասենք, ապա Անահիտ Մանասյանն ասում է, որ խոսքի համար չի կարելի քրեական հետապնդում իրականացնել եւ դա անել հատկապես ընդդիմության նկատմամբ` երկակի ստանդարտներ կիրառելով:
Կարեւորել է «քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում»:
Հետաքրքիր է` Հայաստանի ժողովրդավարության եւ Նիկոլ Փաշինյանի` որպես ժողովրդավար ղեկավար լինելու մասին դիֆերամբներ հնչեցնող եվրոպացի պաշտոնյանը գոնե ՀՀ օմբուդսմենի ասածը լսո՞ւմ են, հետեւո՞ւմ են նրա հայտարարություններին, որոնք ինչքան էլ վախվորած ու զգույշ, ցույց են տալիս, թե ինչքան է գլորվել Հայաստանը դեպի բռնապետություն, որ անգամ քննադատական խոսքի համար են մարդկանց պատժում եւ դա արձանագրում է նաեւ Նիկոլ Փաշինյանի «սրտի օմբուդսմենը:
Արեգ Մարգարյան