«Հայը գլուխը բարձր պետք է պահի»․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են։ Այս անգամ ԲՀԿ ղեկավարին մեծ ոգևորությամբ և ջերմությամբ են ընդունել Արարատի մարզի Ավշար և Արարատ գյուղերում, որտեղ բնակիչները ոչ միայն լսել են նրա ներկայացրած ծրագրերը, այլև բարձրաձայնել իրենց հուզող խնդիրներն ու սպասումները երկրի ապագայի վերաբերյալ։

Ծառուկյանի խոսքով՝ իր հիմնական նպատակը մարդկանց հետ անմիջական շփումն է, ոչ թե մեծ դահլիճային կամ ձևական հանդիպումները։

«Ես չեմ ցանկացել հազարավոր մարդկանց մի տեղ հավաքել, երեք նախադասություն ասել ու գնալ։ Ցանկացել եմ գյուղ առ գյուղ գնալ, մարդկանց լսել, իրենց հարցերին պատասխանել»,- նշել է նա։

Ավշարում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ ընդգծելով, որ այն կազմվել է ոչ թե փակ կաբինետներում, այլ ժողովրդի հետ անմիջական շփումների արդյունքում։

«Այս անգամ մեթոդը փոխել եմ։ Ոչ թե մարդիկ նստել են կաբինետներում ու ծրագրեր գրել, այլ ասել եմ՝ գնացեք ժողովրդի մեջ, հասկացեք մարդկանց խնդիրները, և դրանց լուծումներ առաջարկեք, որպեսզի մարդը կարողանա աշխատել, ստեղծել ու բարեկեցիկ կյանքով ապրել»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Հանդիպման ընթացքում Ծառուկյանը առանձնահատուկ անդրադարձել է քաղաքացիների վարկային ծանրաբեռնվածությանը՝ այն անվանելով համատարած սոցիալական ճգնաժամ։

Նրա համոզմամբ՝ մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցող քաղաքացիների համար պետությունը պետք է համաներում իրականացնի։

«Ժողովուրդը վարկերի ճահճի մեջ է։ Մարդիկ ապրում են տույժ-տուգանքների, տան ու հողի կորստի վախով։ Դրա համար նյարդային վիճակ է, մարդիկ իրար հետ լարված են։ Այս ամենը լուծում ունի, եթե պետությունը սրտացավ մոտենա»,- նշել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ երկրի տնտեսական խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն փորձառու և գործը հասկացող մարդկանց միջոցով։

ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի մասին՝ այն ներկայացնելով որպես ազգային միասնության, հավատքի և վերածննդի խորհրդանիշ։

«Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Այդ արձանը կառուցվում է ազգովի, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, որ հայ ժողովուրդը միասնական է։ Թող դա լինի մեր ներքին հաշտության ու համերաշխության խորհրդանիշը»,- ասել է նա։

Ծառուկյանը նշել է, որ արձանի կառուցմանը մասնակցում են տարբեր մարդիկ՝ ընտանիքներով այցելելով շինհրապարակ և իրենց ներդրումն ունենալով։

Ավշարում հանդիպումը երբեմն ստացել է նաև անմիջական ու ընտանեկան մթնոլորտ։ Գյուղացիների հետ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ նարդի է խաղացել, ինչը մեծ հետաքրքրությամբ հետևել են ներկաները։

Բնակիչները պարբերաբար իրենց աջակցությունն են հայտնել ԲՀԿ առաջնորդին՝ նշելով, որ կանգնած են նրա կողքին և ընդունում են ներկայացվող առաջարկները։

Ծառուկյանի հաջորդ կանգառը Արարատ գյուղն էր, որտեղ հանդիպումը դարձյալ բազմամարդ էր։ ԲՀԿ առաջնորդը նշել է, որ ժողովրդի կողմից ցուցաբերվող վերաբերմունքը իրեն ավելի պարտավորված է դարձնում։

«Ոչ մի բանով հնարավոր չէ մարդուն զարմացնել, միայն ջերմությամբ ու վերաբերմունքով։ Երբ դա տեսնում ես, ավելի պարտավորված ես զգում մարդկանց համար օգտակար լինելու, որ մարդկանց դեմքին ժպիտ լինի, պատերազմի դուռը փակվի, երկիրը զարգանա»,- ասել է նա։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղում Ծառուկյանը խոսել է նաև ազգային արժանապատվության և հաղթանակների թեմայով։

Նրա խոսքով՝ մայիսյան հաղթանակների խորհուրդը հայ ժողովրդի ինքնության մի մասն է, և ժողովուրդը չի համակերպվելու կորուստների հետ։

«Աշխարհում ունենք հզոր ու կայացած հայեր, որոնք սիրում են իրենց հայրենիքը և պատրաստ են օգնել իրենց ժողովրդին։ Պետք է կարողանանք համախմբել այդ ներուժը»,- նշել է նա։

Գագիկ Ծառուկյանը հատուկ շեշտել է, որ քաղաքական պայքարի մեջ է մտել ոչ թե պաշտոնի, այլ երկրի համար։

«Ես չեմ ասել, որ վարչապետը ես եմ լինելու։ Ինձ համար կարևորը պետությունն է։ Մեզ պետք են փորձառու մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչպես երկիրը դուրս բերել այս վիճակից»,- ընդգծել է նա։

Չնայած դրան՝ Արարատ գյուղում բազմաթիվ բնակիչներ բացահայտ հայտարարել են, որ վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել հենց Գագիկ Ծառուկյանին։

Ծառուկյանը քաղաքացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններին մասնակցել պատասխանատվությամբ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քվե վճռորոշ նշանակություն ունի։

«Բարեգործությամբ երկիր չես կառուցի։ Պետք են նորմալ ծրագրեր, մասնագետներ ու կազմակերպված աշխատանք։ Մարդիկ պետք է ընտրեն ոչ թե բարեկամով կամ ծանոթով, այլ փորձով ու կարողությամբ»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել նաև Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցները՝ շնորհակալություն հայտնելով աշխատատեղերը պահպանելու համար։

Աշխատակիցներից մեկը նշել է, որ նույնիսկ տնտեսական բարդ պայմաններում գործարանը շարունակում է աշխատել, մարդիկ ստանում են կայուն աշխատավարձ և հնարավորություն ունեն պահելու իրենց ընտանիքները։

Ի պատասխան՝ Ծառուկյանը նշել է, որ իր համար կարևոր է մարդկանց աշխատանքով ապահովելը։

«Այս գործարանը պետք է աշխատի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տունը պահել։ Մարդը պետք է սրտացավ լինի ու մտածի ժողովրդի մասին»,- ասել է նա։

Այցի շրջանակում Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհել պատերազմի զոհերի հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին։

Հանդիպումների ընթացքում Ծառուկյանին են մոտեցել նաև եզդի համայնքի ներկայացուցիչները՝ նշելով, որ մշտապես իրենց կողքին են զգացել նրան։

«Եզդիների դեմքը միայն բարիք է բերում»,- ասել է բնակիչներից մեկը։

Ծառուկյանն էլ պատասխանել է, որ հայերն ու եզդիները միշտ միասին են ապրել և կիսել թե՛ ուրախությունը, թե՛ դժվարությունները։

Հանդիպումների ավարտին բնակիչները շարունակում էին շրջապատել ԲՀԿ առաջնորդին, լուսանկարվել, օրհնանքի խոսքեր ասել և հույս հայտնել, որ երկիրը կկարողանա հաղթահարել ներկայիս դժվարությունները։  «Այդ ծափահարությունները կեղծ չեն։ Նա ժողովրդի միջից դուրս եկած մարդ է, դրա համար ժողովուրդն էլ իրեն սիրում է»,- ասել է գյուղացիներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *