Բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավարները կարող են բժիշկ չլինել

Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Այս մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:

Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց Ավանեսյանը, ընդգծելով, որ բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավար այսուհետև կարող են դառնալ նաև բժշկական կրթություն չունեցող քաղաքացիները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *