«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան

«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում։
     Միայն իդիոտները և զենքի վաճառքով զբաղվողներն են դեմ խաղաղությանը, բոլոր նորմալ, բանական մարդիկ խաղաղություն են ուզում, դեմ են պատերազմին։ Սակայն անընդհատ հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում, անընդհատ խաղաղություն ասելով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, նույնիսկ համաձայնագիր չի կնքում, իր զորքերը չի հանում ՀՀ-ում օկուպացրած տարածքներից, ազատ չի արձակում հայ գերիներին, հակահայկական քարոզչությունը չի դադարեցնում,չի դադարում մեր հին վանքերն ու եկեղեցիները աղվանական անվանել, շարունակում է պահանջել նախկինում եղած անկլավները, «300 հազար ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան», Հայաստանով հոսող գետերի համատեղ կառավարում և այլն։ Եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքի էլ, դա խաղաղություն չի երաշխավորում, քանզի այդ գործընթացի իրականացումը երաշխավորող հզոր պետություններ կամ միջազգային կազմակերպություններ չկան։ Բազում անգամ ասել եմ՝ Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, նրան Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը այդ երկրում տիրող մեծ կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից, սոցիալական մեծ լարվածությունից շեղելու, ադրբեջանցիների ազգային սնափառությունը շոյելու համար արտաքին թշնամու դեմ պարբերաբար հաղթանակներ են պետք։ Նման հաղթանակներ Ալիևը կարող է տանել միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի դեմ, կռվով լինի այդ հաղթանակը, թե առանց կռիվ, Հայաստանից արվող զիջումներով։ Այս պայմաներում պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելը, այսինքն՝ բանակի թվաքանակը նվազեցնել, կեղծ խաղաղության քարոզով Հայաստանի հանրության զգոնությունը բթացնել կարող է անել կամ ուղեղից խոզի գրիպը կամ՝ հայրենիք ուրացողը։ Բավ է հերթական կապիտուլյացիան որպես կայուն, հարատև, արդար խաղաղություն ներկայացնեք։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի մեծ աղետ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *