
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Էջմիածնում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք չեն համակերպվում ներկայիս իրավիճակի հետ և եկել են այն փոխելու։
Նրա խոսքով՝ հասարակությունը չի կարող ընդունել այն մոտեցումը, թե Ադրբեջանը պետք է համարվի Հայաստանի անվտանգության երաշխավոր, ինչպես նաև անտարբեր մնալ հայկական եկեղեցիների ոչնչացման նկատմամբ։ Նա նաև անընդունելի համարեց այն իրողությունը, երբ, իր գնահատմամբ, հոգևորականները ենթարկվում են կալանքի, մինչդեռ այլ հանցագործություններ կատարած անձինք ազատության մեջ են մնում։
Վարդանյանի խոսքով՝ գործող իշխանություններն այլևս հանրությանը ներկայացնելու գաղափարներ չունեն, այդ պատճառով էլ փորձում են խոսել վախի և սպառնալիքների լեզվով։
Նա նշեց, որ իշխանությունները հասարակությանը համոզում են, թե ընդդիմության իշխանության գալու դեպքում երկիրը կվերադառնա անցյալ, սակայն իրենց նպատակը, ըստ նրա, անցյալը վերադարձնելը չէ, այլ ապագա կառուցելը։ Պատգամավորը շեշտեց, որ իրենք ցանկանում են մարդկանց վերադարձնել արժանապատվությունը, ազգային հպարտությունն ու հայրենիքի նկատմամբ հավատը։
Քրիստինե Վարդանյանը նաև անդրադարձավ պատերազմ ու խաղաղություն թեմային՝ նշելով, որ ընդդիմությանը հաճախ մեղադրում են պատերազմի վտանգ բերելու մեջ, սակայն իրենք իրենց համարում են խաղաղության և ինքնիշխանության պաշտպաններ։ Նրա խոսքով՝ հենց իր քաղաքական թիմն է լավագույնս պատկերացնում պատերազմի գինը, քանի որ իրենց կողքին կանգնած մարդկանց մեծ մասը պատերազմի զոհեր ունի կամ վտանգի պահին եղել է առաջնագծում։ Նա հավելեց, որ հասարակությանը վախեցնելով իշխանությունը պահելու քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել։
«Նրանք ձեզ ասում են, որ եթե մենք գանք՝ վերադառնալու է անցյալը, բայց մենք չենք եկել անցյալը վերադարձնելու, մենք ձեզնից չենք խնդրում քվե հետ գնալու համար, այստեղ ապագան կառուցողներն են»,- ասել է նա: