«Մենք երկիրն ազատելու ենք ադրբեջանական փուչիկից». Սամվել Կարապետյանը քարոզարշավը սկսեց ազգային սթափեցման կոչով

Հայ ժողովուրդը պարտված չէ, իսկ նվաստացած վիճակը սոսկ մի փուլ է, որն ավարտվելու է ազգային ուժերի վճռական հակահարվածով։ Այդ մասին նախընտրական քարոզարշավի առաջին օրը կողմնակիցներին ուղղված դիմումում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ իր թիմի նպատակն է «պայթեցնել Ալիևի փչած փուչիկը» և վերականգնել պետության արժանապատվությունը՝ այն ազատելով նրանցից, ովքեր գործում են հարևան երկրների շահերից ելնելով։

Քարոզարշավի մեկնարկն անցել է զանգվածային մոբիլիզացիայի մթնոլորտում. դաշինքի կողմնակիցները Հաղթանակի զբոսայգուց երթով շարժվել են դեպի առաջնորդի առանձնատուն՝ վանկարկելով «Կարապետյան՝ վարչապետ» և «Ուժեղ Հայաստան»։ Տեղ հասնելուն պես Սամվել Կարապետյանը նախ բացել է իր տան դռները երթի մասնակիցների առջև՝ թույլ տալով նրանց անձամբ շփվել և հիշարժան լուսանկարներ անել նստավայրում, և միայն դրանից հետո հանդես է եկել պաշտոնական ուղերձով։ Նման ոչ պաշտոնական մոտեցումն ընդգծել է դաշինքի առաջնորդի և նրա կողմնակիցների միջև վստահելի հարաբերությունների բնույթը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը հանդես է գալիս երրորդ համարի ներքո, շեշտը դնում է անվտանգության և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հարցերի վրա։ Դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ այս ամիսը վճռորոշ է լինելու երկրի ապագայի համար։

Քաղաքական լարվածությունն ի հայտ եկավ դեռ առավոտյան, երբ դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի՝ դատարան դիմելու սպառնալիքները՝ «հալյուցինոգեն սնկերի» մասին հայտարարությունների առնչությամբ։ «Դատարանը կպարզի՝ վարչապետը հալյուցինոգեն սնկեր կերե՞լ է, թե՞ ոչ, ինչ քանակությամբ և երբ»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է լինի բաց։ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ դաշինքը պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը իրավական դաշտում՝ օգտագործելով այդ հայցը իշխանության գործողությունները բացահայտելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *