Սկսում ենք հայրենիքն ազատագրելու ուղին նրանցից, ովքեր մեր ժողովրդին պարտվողի բարդույթ են պարտադրել. «Ուժեղ Հայաստան»

Իրական Հայաստանը հլու-հնազանդ մարդկանց խումբ չէ, որը համաձայն է անվերջանալի զիջումների, այլ հպարտ ժողովուրդ է, որը պատրաստ է համախմբվել ուժեղ առաջնորդի շուրջ՝ հանուն պետական արժանապատվության վերականգնման։ Դրա մասին նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Այդ օրը քաղաքական ուժի կողմնակիցները Հաղթանակի զբոսայգուց երթով շարժվել են դեպի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ հայտարարելու գործող վարչակարգը փոխելու իրենց վճռականության մասին։

Ելույթի ընթացքում Վարդևանյանն ընդգծել է, որ քարոզարշավի մեկնարկը խորհրդանշում է վախի դարաշրջանի ավարտը, որն արհեստականորեն սերմանում էր իշխանությունները վերջին տարիներին։ Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստանը» ընտրություններին գնում է երրորդ համարի ներքո, որպեսզի դառնա այն ուժը, որը կպայթեցնի «տեղեկատվական փուչիկը» և կկանգնեցնի ազգի նվաստացումը։ «Մենք միասին պարտավոր ենք ազատագրել մեր երկիրն ու մեր հավատքը նրանց հարձակումներից, ովքեր գործում են արտաքին թշնամիների շահերից ելնելով. այս երթը միայն առաջին քայլն է դեպի հայ ժողովրդի և Սփյուռքի մեծ հաղթանակը»,- հայտարարել է փաստաբանը։

Արամ Վարդևանյանը նաև մատնանշել է ազգային ինստիտուտների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության անհրաժեշտությունը, որը թիրախ է դարձել ներկայիս ղեկավարության համար։ Նա շեշտել է, որ Սամվել Կարապետյանի թիմը նպատակ ունի ոչ թե պարզապես իշխանության դեմքերի փոխոխության, այլև ամբողջությամբ վերադարձնելու ինքնիշխանությունը և ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը։

«Մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ հայ ժողովուրդը պարտված զանգված չէ, այլ իր հողի տերը, և շատ շուտով հետ կբերենք արժանապատիվ ապագայի մեր իրավունքը»,- ամփոփել է Վարդևանյանը՝ կողմնակիցներին կոչ անելով առավելագույն ակտիվություն ցուցաբերելու քարոզչական ամսվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *