Եվրախորհրդարանում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը

Եվրոպական խորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովում տեղի են ունեցել հատուկ լսումներ՝ նվիրված Ադրբեջանում տիրող իրավիճակին։ Միջազգային իրավապաշտպանները և եվրոպացի պաշտոնյաները հանդես են եկել կոշտ հայտարարություններով՝ դատապարտելով Բաքվի քաղաքականությունը։

Իրավապաշտպան Սամեդ Ռահիմլին իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները Քրեական օրենսգիրքը վերածել են ընդդիմությանը ճնշելու զենքի։ Որպես օրինակ նա բերել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի ձերբակալությունը՝ «պետական հեղաշրջման փորձի» շինծու մեղադրանքով։

Լրագրող Լեյլա Մուստաֆաևան հավելել է, որ իշխանությունների թիրախում են հայտնվում նաև գիտնականները, մասնավորապես՝ Բահրուզ Սամեդովը և Իքբալ Աբիլովը, ոոնք հայտնվել են բանտում իրենց ակադեմիական գործունեության համար, հայտնում է «Կովկասի քրոնիկոնը»: Բացի դրանից, նա բարձրացրել է ձերբակալված կին լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգությունների և հիվանդ քաղբանտարկյալներին բժշկական օգնությունից զրկելու հարցերը։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դորեն Դերիանն ընդգծել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 350-ը, իսկ երկիրը գտնվում է մամուլի ազատության համաշխարհային վարկանիշային աղյուսակի վերջին տասնյակում։ Նա հստակեցրել է. թեև Ադրբեջանը Եվրամիության էներգետիկ գործընկերն է, դա բավարար չէ լիարժեք համագործակցության համար, և Բաքուն պետք է անհապաղ բարեփոխումներ իրականացնի դատաիրավական համակարգում։

Հատկապես կոշտ է եղել եվրապատգամավոր Կատարինա Վիեյրայի դիրքորոշումը, որը դեմ է արտահայտվել Ադրբեջանին «հուսալի գործընկեր» անվանելուն։

«Կառավարությունը, որն այդպես է վարվում իր քաղաքացիների հետ, չի կարող լինել արժեքավոր գործընկեր։ Մենք չենք կարող լռել իրավունքների խախտումների մասին միայն այն պատճառով, որ այդ երկրից գազ ենք գնում»,- հայտարարել է նա։

Լսումների ընթացքում եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել վերանայել «հուսալի գործընկերոջ» կարգավիճակը և պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաև ակադեմիական և մամուլի ազատությունների ճնշման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *