Բելառուսը փորձել է հասնել Տիխանովսկայայի ձերբակալությանը Հայաստանում. «Зеркало»

Սվետլանա Տիխանովսկայայի այցը Հայաստան՝ մայիսի 4-5-ը անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, եղել է ձախողման վտանգի տակ։ Ինչպես «Зеркало»-ն տված հարցազրույցում պատմել է Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկին, բելառուսական իշխանությունները փորձել են օգտագործել բյուրոկրատական մեխանիզմներն ու միջպետական հետախուզումը՝ կանխելու նրա մասնակցությունը ֆորումին։

Ըստ Դենիս Կուչինսկու՝ սկզբնապես պատվիրակությունը ծրագրել էր Հայաստան մեկնել Վարշավայից շաբաթ օրը՝ մայիսի 2-ին, որպեսզի արդեն կիրակի օրը լինի տեղում՝ համաշխարհային առաջնորդների մեծ մասի հետ միասին։ Սակայն վերջին պահին ծրագրերը փոխվել են Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու՝ Անդրեյ Պոչոբուտի պարգևատրման արարողությանը մասնակցելու հրավերի պատճառով։ Մեկնումը տեղափոխվել է կիրակի երեկոյան։

«Հետադարձ հայացք գցելով՝ կարելի է ասել, որ այդ որոշումը մեծապես աշխատեց մեր օգտին։ Որովհետև հենց վերջին պահին սկսվեցին շարժումները Լուկաշենկոյի վարչակարգի կողմից։ Այդ գործողությունները բացահայտ չէին, սակայն շատ բնորոշ էին նրանց՝ բյուրոկրատական մեխանիզմների և միջպետական հետախուզման չարաշահման միջոցով»,- պատմել է Կուչինսկին։

Ըստ խորհրդականի՝ պաշտոնական Մինսկը որոշել է օգտագործել միջպետական հետախուզման մեխանիզմները Տիխանովսկայային և նրա պատվիրակությանը ձերբակալելու համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կուչինսկին հրաժարվել է հայտնել, թե ինչպիսին է եղել հայկական կողմի պատասխանը դրան։

«Մենք պետական ամենաբարձր մակարդակով ուժեղ հավաստիացումներ ստացանք, որ ամեն ինչ կազմակերպվելու է պատշաճ կերպով։ Հայերը ամեն ինչ անթերի արեցին. արարողակարգային ընդունելություն, պետական պահպանություն և համակարգում՝ ամեն ինչ կազմակերպված էր մասնագիտական շատ բարձր մակարդակով։ Երևում էր, որ դա երկրի իրական քաղաքական դիրքորոշումն է»,- նշել է Կուչինսկին։

Ըստ նրա՝ չվերթի տեղափոխման և Վարշավայում լրացուցիչ օր մնալու շնորհիվ Տիխանովսկայայի թիմն ավելի շատ ժամանակ է ունեցել նախապատրաստվելու համար, ինչը հնարավորություն է տվել «հանգիստ վերստուգել բոլոր մանրամասները, մշակել բոլոր սցենարները, համաձայնեցնել անվտանգության բոլոր հարցերը և համոզվել, որ անակնկալներ այլևս չեն լինի»։

«Հայաստանի դիրքորոշումը շատ սկզբունքային էր։ Նա ընդունեց Սվետլանա Տիխանովսկայային։ Եվ դա շատ ուժեղ ազդակ էր։ Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Լուկաշենկոն դեռևս վատ է պատկերացնում, թե ում հետ գործ ունի։ Նա մինչև հիմա կարծում է, թե Սվետլանային կարելի է վախեցնել կամ ստիպել հրաժարվել ինչ-որ քայլերից։ Նա հիանալի հասկանում է ռիսկերը, բայց թույլ չի տալիս վախին ընդունել իր որոշումները»,- հայտարարել է Կուչինսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *