Մեկ օրվա ընթացքում Իսրայելի հերթական ինտենսիվ հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 39 մարդ, տեղեկացրել է BBC News-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Սաքսաքիա քաղաքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեկ այլ հարվածի հետևանքով երկրի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքում զոհվել է սիրիացի մի քաղաքացի, իսկ նրա 12-ամյա դուստրը ծանր վիրավորվել է։
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը անօդաչու թռչող սարքի միջոցով հարված է հասցրել Իսրայելի հյուսիսին, որի հետևանքով, ըստ իսրայելական զինվորականների, վիրավորվել է երեք զինծառայող։
Շաբաթ օրը Լիբանանի պետական ազգային տեղեկատվական գործակալությունը (NNA) հաղորդել է երկրի հարավի, այդ թվում՝ Սաքսաքիայի վրա իսրայելական հարվածների մասին։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մի աղջիկ, 15 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել է։ Նախարարությունը հայտնել է նաև, որ Նաբաթիայում մոտոցիկլի վրա իրականացված մեկ այլ իսրայելական հարվածի հետևանքով վիրավորվել են սիրիացի մի քաղաքացի և նրա 12-ամյա դուստրը։
«Առաջին հարվածի վայրից հեռանալուց հետո անօդաչու թռչող սարքը երկրորդ անգամ է հարձակվել՝ սպանելով հորը», – հայտնել են նախարարությունում։ Այնուհետև անօդաչու թռչող սարքը երրորդ անգամ ուղիղ թիրախավորել է աղջկան։ Աղջկա կյանքը փրկելու համար կատարվել է վիրահատություն։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում երկրի ողջ տարածքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։