Volkswagen-ը պատրաստում է իր ապագա էլեկտրական Polo GTI-ի շատ թեժ տարբերակը, և այն կարող է ունենալ մոտ 282 ձիաուժ։ Փոքր հեթչբեքի համար սա արդեն գրեթե մինի-հրթիռի մակարդակ է, գրել է Autocar-ը։
Սա կլինի Clubsport տարբերակը՝ նոր էլեկտրական GTI-ի ավելի հզոր ու սպորտային մոդիֆիկացիան։ Սովորական ID. Polo GTI-ն, ինչպես սպասվում է, կունենա մոտ 223 ձիաուժ, իսկ Clubsport-ը զգալիորեն ավելի ագրեսիվ կլինի՝ ավելի արագ, ավելի կոշտ և ավելի ոգեշնչող։
Բայց ամենահետաքրքիրը միայն հզորությունը չէ։ Volkswagen-ում հասկանում են, որ երկրպագուները կարոտում են հին բենզինային հոհեթչերին՝ «կենդանի» բնավորությամբ։
Այդ պատճառով ինժեներները փորձում են էլեկտրամոբիլն ավելի էմոցիոնալ դարձնել։ Օրինակ՝ մեքենային ուզում են տալ մեխանիկական փոխանցատուփի աշխատանքի նման զգացողություններ։ Այո, փոքր-ինչ տարօրինակ է հնչում․ ավտոարտադրողները տարիներ շարունակ ազատվում էին ցնցումներից ու փոխանցումներից, իսկ հիմա փորձում են դրանք վերադարձնել՝ արդեն ծրագրային եղանակով։
Բացի այդ, Clubsport-ը կարող է ունենալ իրական մեխանիկական սահմանափակ դիֆերենցիալ, այն, ինչը շատ են սիրում արագ առաջաքարշ մեքենաների երկրպագուները։ Այն օգնում է ավելի լավ կատարել շրջադարձերը և կառավարումն ավելի «սուր» ու դրայվային դարձնել։
Մոդելը կկառուցվի նոր MEB Entry հարթակի վրա, Volkswagen-ն այն օգտագործում է կոմպակտ էլեկտրամեքենաների համար։ Սովորական տարբերակի ընթացքի պաշարը խոստանում են մոտ 450 կիլոմետր, թեև ավելի հզոր Clubsport-ը, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ տարածություն կանցնի։
Ընդհանրապես, Volkswagen-ը հիմա ակնհայտորեն փորձում է վերադարձնել հին GTI-ների ոգին՝ արդեն էլեկտրական դարում։ Ընկերությունն աստիճանաբար հրաժարվում է ձանձրալի թվային անուններից և նորից շեշտը դնում է Polo-ի ու GTI-ի նման կուլտային անունների վրա։
Եվ ստացվում է բավական զվարճալի իրավիճակ․ տասնամյակներ անց ինժեներները կրկին փորձում են մեքենան դարձնել «կենդանի» ու էմոցիոնալ, պարզապես հիմա բենզինի ու մեխանիկայի փոխարեն այդ ամենի համար պատասխանատու է սոֆթը։