Գիտնականները ստեղծել են «խելացի» հեղուկ, որը լվանում է մրգերը և երկարացնում դրանց թարմությունը

Գիտնականները մշակել են մրգերի և բանջարեղենի լվացման համար նախատեսված կենսաքայքայվող նոր բաղադրություն, որը միաժամանակ թույլ է տալիս հեռացնել պեստիցիդների մնացորդներն ու ավելի երկար պահպանել մթերքի թարմությունը։ Այս մասին գրում է The Conversation-ը։

Սովորաբար այս երկու խնդիրները դիտարկվում են առանձին. լվացումն անհրաժեշտ է աղտոտվածությունը հեռացնելու համար, իսկ թարմության պահպանումը համարվում է պահպանման պայմանների հարց։ Սակայն հետազոտողներն առաջարկում են միավորել այս երկու հատկությունները մեկ լուծույթի մեջ։ Նոր միջոցը ստեղծվել է օսլայի նանոմասնիկների, տանինաթթվի և երկաթի հիմքով։

Օսլան ծառայում է որպես հիմնաշերտ, բնական բուսական միացություն համարվող տանինաթթուն ապահովում է քիմիական փոխազդեցությունը, իսկ երկաթը կայունացնում է ստացված կառուցվածքը։

Լվացման ընթացքում այս համակարգն ընդունակ է կապվել պեստիցիդների մոլեկուլների հետ և արդյունավետորեն հեռացնել դրանք մակերևույթից։ Փորձարկումները ցույց են տվել, որ խնձորների վրա այս միջոցը հեռացրել է տիաբենդազոլի՝ բերքահավաքից հետո օգտագործվող ֆունգիցիդի ավելի քան 85%-ը։ Համեմատության համար նշենք, որ սովորական ջուրը հեռացրել է մոտ 48%-ը, սոդայի լուծույթը՝ 65%-ը, իսկ սովորական օսլան՝ մոտ 61%-ը։

Միջոցը նաև հեռացրել է ացետամիպրիդի մինչև 93%-ը և իմիդակլոպրիդի 89%-ը։ Կարևոր է նշել, որ ազդեցությունը վերաբերում է միայն մակերեսային մնացորդներին։ Այն պեստիցիդները, որոնք աճի ընթացքում ներթափանցել են բույսի հյուսվածքների մեջ, անհնար է հեռացնել այս եղանակով։ Մշակման երկրորդ գործառույթը թարմության պահպանումն է. մշակման արդյունքում խաղողը 15 օրվա ընթացքում կորցրել է իր զանգվածի մոտ 21%-ը, մինչդեռ չմշակված տարբերակով՝ շուրջ 45%-ը։

Կտրատված խնձորների դեպքում խոնավության կորուստը 48 ժամվա ընթացքում նույնպես կրճատվել է գրեթե կիսով չափ։ Սա ուղղակիորեն ազդում է մթերքի արտաքին տեսքի վրա, հետևաբար նաև հավանականության վրա, որ դրանք կսպառվեն, այլ ոչ թե կհայտնվեն աղբամանում։ Բացի այդ, լաբորատոր պայմաններում պաշտպանիչ շերտը դանդաղեցրել է օքսիդացման գործընթացը և կանխել որոշ բակտերիաների աճը։

Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը դեռևս պատրաստի սպառողական ապրանքի մասին չէ. անհրաժեշտ են լրացուցիչ փորձարկումներ և անվտանգության ստուգումներ։

Տեխնոլոգիայի կիրառման առավել իրատեսական տարբերակը բերքահավաքից հետո մրգերի արդյունաբերական մշակումն է։ Նախնական գնահատականներով՝ մեկ խնձորի մշակման ինքնարժեքը կարող է կազմել 0,032 դոլարից պակաս։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում նաև տնային օգտագործման համար նախատեսված տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *