GTi-ի լեգենդը վերադառնում է. Peugeot-ը ծրագրում է ընդլայնել էլեկտրական մեքենաների շարքը

Peugeot ընկերությունը դիտարկում է էլեկտրական e-208 Gti-ից հետո e-308 GTi սպորտային տարբերակի թողարկման հնարավորությունը, գրում է Autocar‑ը։

Peugeot-ի գլխավոր տնօրեն Ալեն Ֆավին Autocar-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկում են էլեկտրական հեչբեքի «թեժ» տարբերակի թողարկման հնարավորությունը: Սպորտային լեգենդար GTi ինդեքսը կվերադառնա արդեն հունիսին՝ e-208 GTi մոդելի տեսքով։ Մեքենան կներկայացվի «Լե Մանի 24 ժամը» մրցարշավի ժամանակ:

Ֆավիի խոսքով՝ ընկերությունը մտադիր է զարգացնել «լիցքավորված» էլեկտրամոբիլների շարքը և հավանական թեկանուծների շարքում դիտարկում է e-308-ը: «Ես կցանկանայի ունենալ GTi-ների ամբողջական ընտանիքը։ Մենք ուսումնասիրում ենք մեզ հասանելի տեխնոլոգիաները՝ տարբերակներն ուսումնասիրելու համար»,— նշել է նա:

«Մենք ցանկանում ենք, որ GTi-ն լինի բարձրագույն հատկանիներով առանձնահատուկ ավտոմեքենա: Այս առումով 308-ը տրամաբանական ընտրություն է թվում»: Միևնույն ժամանակ, Ֆավին ընդգծել է, որ e-308 GTi-ի ստեղծումը կապված է մի շարք բարդությունների հետ:

Գլխավոր խնդիրը տեխնոլոգիական այնպիսի լուծում գտնելն է, որը թույլ կտա հավասարակշռություն պահպանել արտադրողականության և մատչելի գնի միջև։ «Բարդ է ընտրել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան անհրաժեշտ մակարդակի հասնել այնպիսի գնով, որը հասանելի կլինի հաճախորդներին։ Սա հիմնական մարտահրավերն է, որին մենք այժմ բախվում ենք»,- պարզաբանել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Stellantis-ի կազմի մեջ մտնող Vauxhall բրենդը պլանավորում է թողարկել Astra GSE-ի էլեկտրական «թեժ» տարբերակը, ինչպես նաև Mokka GSE և Corsa GSE մոդելները։

Պատասխանելով GTi շարքի ընդլայնման մասին հարցին՝ Ֆավին նշել է, որ, ի տարբերություն որոշ մրցակիցների, Peugeot-ն չի պլանավորում սպորտային տարբերակներ թողարկել քրոսովերների սեգմենտում։ «Չեմ կարծում, թե GTi ձևաչափով սպորտային քրոսովերն առանձնակի իմաստ ունի»,- հայտարարել է նա։

Առանձին անդրադարձ է կատարվել ապագա e-208 GTi-ին։ 2021 թվականին «լիցքավորված» 308-ի արտադրության դադարեցումից հետո համարվում է, որ այն այս ինդեքսով առաջին էլեկտրական մեքենան է և բրենդի առաջին GTi-ը։ Նրա խոսքով՝ մեքենայի հանդեպ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա, թեև մակնիշի երկրպագուների շրջանում որոշակի հարցեր են առաջանում էլեկտրական շարժիչի անցնելու վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ շուրջ 280 ձիաուժ հզորությամբ և լավարկված ընթացային մասով e-208 GTi-ը պետք է ապացուցի, որ էլեկտրամոբիլները կարող են իսկապես հաճույք պատճառել կառավարման հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *