Դանիայի հյուսիսային մասում հնագետները հայտնաբերել են վիկինգների դարաշրջանի զանգվածային 6 ոսկե ապարանջաններ։ Գիտնականները այս գտածոն անվանում են «եզակի» և խոստովանում են, որ նախկինում նման բանի չեն հանդիպել, գրում է Archeology News-ը։
«Ռոլդից գտնված գանձ» անվանումը ստացած այս արժեքավոր հավաքածուն արդեն ճանաչվել է որպես Դանիայի պատմության մեջ վիկինգների դարաշրջանի ոսկու մեծությամբ երրորդ գտածոն։ Բոլոր առարկաները թվագրվում են վիկինգների դարաշրջանի ուշ փուլին՝ մոտավորապես մ.թ. 900–1000 թվականներով։
Հայտնաբերման պատմությունը սկսվել է գրեթե արկածային վեպի նման։ Տեղացի բնակիչը անտառային արահետում նկատել է երկու ոսկե մատանի և, դրանք տուն տանելու փոխարեն, գտածոն հանձնել է Հյուսիսային Յուտլանդիայի թանգարանին։
Երբ հնագետները ժամանել են դեպքի վայր և մետաղորսիչներով հետազոտել տարածքը, նրանք անակնկալի են եկել։ Նախ հայտնաբերվել էևս մեկ ապարանջան, իսկ հետո՝ առաջին գտածոներից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ ևս չորսը։ Գանձի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 760 գրամ մաքուր ոսկի։ Ապարանջանները պատրաստված են բացառիկ վարպետությամբ. դրանց մի մասն ունի հյուսված տեսք, իսկ մյուսները՝ հարթ մակերես։
Դրանցից մեկն առանձնահատուկ ուշադրության է արժանի. նրա տափակեցված ծայրերը զարդարված են զիգզագաձև և եռանկյունաձև նախշերով։ Հնագետ Տորբեն Սարաուի խոսքով՝ վիկինգների դարաշրջանում ոսկին կենտրոնացված է եղել միայն նեղ էլիտայի ձեռքում, ուստի նման գտածոները չափազանց հազվադեպ են։
Հաճախ հնագետները հայտնաբերում են արծաթե զարդեր, մինչդեռ ոսկե իրերը վկայում են տիրոջ շատ բարձր կարգավիճակի մասին։ Այն, որ բոլոր ապարանջանները միասին են թաքցվել և նրանց ձեռք չեն տվել, խոսում է նպատակային թաքցնելու մասին։
Դրանք չեն կտրատվել՝ որպես վճարամիջոց օգտագործելու համար, ուստի գիտնականները կարծում են, որ զարդերն ունեցել են ոչ միայն նյութական, այլև խորհրդանշական արժեք։ Հնարավոր է, որ դրանք թաքցվել են քաղաքական անկայունության ժամանակ կամ օգտագործվել ծիսական նպատակներով։
Հայտնաբերումից հետո գանձը ճանաչվել է Դանիայի ազգային ժառանգություն։
Այժմ արտեֆակտները կուսումնասիրվեն Դանիայի ազգային թանգարանում, իսկ հետո՝ մինչև ամառային արձակուրդների սկիզբը կներկայացվեն հանրությանը։