Oragir.News-ի հետ զրույցում Մասյացոտն թեմի առաջնորդ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը անդրադարձել է քրեակատարողական համակարգում հոգևորականների ծառայության սահմանափակումներին՝ քննադատելով կիրառվող մոտեցումը։
Նրա խոսքով՝ առանց նախնական զգուշացման շրջանառվել է հրաման՝ քրեակատարողական բոլոր հիմնարկներում սահմանափակելու կամ արգելելու հոգևոր ծառայությունը։
«Ի՞նչ են անում․ առանց զգուշացման քրեակատարողական ծառայության ղեկավարը շրջաբերական հրաման է արձակում բոլոր հիմնարկներին՝ արգելելու հոգևոր ծառայությունը։ Լավ, ի վերջո քաղաքավարություն կա, պետական կառույցի ներկայացուցիչ եք։ Օտարերկրյա ներկայացուցիչների հետ հանդիպումներում ձեզ քաղաքակիրթ եք պահում, ժպտում եք, շփվում եք՝ հանուն պետության»,– ասաց նա։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու նման վերաբերմունք է ցուցաբերվում տարիներ շարունակ ծառայած հոգևորականի նկատմամբ։
«Խոսքը 16 տարի քրեակատարողական հիմնարկներում ծառայած հոգևորականի մասին է։ Կարիքով մարդկանց ծառայող հոգևորականի հանդեպ կարելի՞ է նման վերաբերմունք ունենալ՝ պատճառաբանելով, թե իբր քաղաքական խոսույթ է եղել։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ հենց դրա համար է նման որոշում կայացվել»,– նշեց նա։
Նա ընդգծեց, որ եթե անգամ որոշում է կայացվում ծառայությունը սահմանափակելու վերաբերյալ, ապա դա պետք է արվի քաղաքակիրթ և պատշաճ ձևով։
«Չեն կանչել, չեն խոսել, չեն զգուշացրել։ Նույնիսկ եթե նման որոշում կա, կարելի էր դա անել քաղաքակիրթ ձևով՝ բացատրելով, քննարկելով։ Բայց նման մոտեցումը, կարծում եմ, անընդունելի է»,– հավելեց Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը։